30.05.2025
Գրիգորյան. Շարունակում ենք քննարկել սահմանային միջադեպերի քննության մեխանիզմը
prev Նախորդ նորություն

Ծառայությունը՝ առավել գրավիչ. երկար արձակուրդներ զինվորներին, բնակարանային նոր մոդել՝ սպաներին

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

Կառավարությունը հաստատել է մի նախագիծ, որը միաժամանակ փոփոխություններ է առաջարկում թե՛ զինվորական արձակուրդների, թե՛ սպաների բնակարանային ապահովման գործում։ Նախաձեռնության նպատակը զինծառայության պայմանների բարելավումն ու գրավչության բարձրացումն է։


Մայիսի 29-ին կառավարությունը հաստատեց զինվորական ծառայության պայմանների բարելավմանն ուղղված նոր նախագիծ, որը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։ Այն ճանաչվեց հրատապ և քննարկվելու է ԱԺ-ում արագացված ընթացակարգով։


Նախագծի կարևոր փոփոխություններից է ժամկետային զինծառայողների արձակուրդների երկարացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր զինծառայողները վեց ամիսը մեկ արձակուրդ կստանան՝ կախված իրենց ծառայության բնույթից։ Բացի այդ, երդման արարողությունից հետո կտրամադրվի ևս երկու լրացուցիչ օր։


Եթե գործող օրենքով շարքայինները ստանում էին 10 օր արձակուրդ, իսկ սերժանտները՝ 15, ապա նոր նախագծով առաջարկվում է բոլորին տալ 21 օր, իսկ մարտական հերթապահություն իրականացնողներին՝ 30 օր։ Այս արձակուրդը կտրվի երեք հավասար մասերով, սակայն ճանապարհի համար տրվող երկու օրերը կհանվեն։ Փոփոխությունը հետադարձ ուժ կունենա՝ տարածվելով նաև արդեն արձակուրդ ստացածների վրա։


Նախագիծը կարգավորում է նաև 27 տարեկանից բարձր ծառայության անցած անձանց արձակուրդի իրավունքը։ Նրանք, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն կամ նախկինում խուսափել են զորակոչից, սակայն այժմ ծառայության են անցել՝ ևս կստանան արձակուրդ։


Բնակարանային ոլորտում ևս արմատական փոփոխություններ են նախատեսվում։ Ներկայումս սպաները, 20 տարի պայմանագրային ծառայությունից հետո, բնակարան էին ստանում Երևանում, սակայն այդ մեխանիզմը, ըստ նախարարության, արդյունավետ չի եղել։


Նոր նախագծով առաջարկվում է հիփոթեքային մոդել՝ ամբողջությամբ պետական աջակցությամբ։ Սպային հնարավորություն կտրվի գնել իրեն նախընտրած բնակարանը, իսկ կանխավճարը, մայր գումարը և տոկոսները կփոխհատուցի պետությունը։ Ծառայությունից վաղաժամ հեռանալու դեպքում սպան կպարտավորվի վերադարձնել փոխհատուցված ողջ գումարը։ Բացի այդ, բնակարանը չի կարող վաճառվել կամ օտարվել մինչև ծառայության ավարտը։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով