Գրիգորյան. Շարունակում ենք քննարկել սահմանային միջադեպերի քննության մեխանիզմը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ քննարկումները՝ սահմանային միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ կողմերը դիվանագիտական ուղիներով շարունակում են խորհրդակցությունները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
Խոսելով Խոզնավարի հատվածում արձանագրված կրակոցների մասին՝ Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը նախկինում արդեն առաջարկել էր սահմանային միջադեպերը քննող համատեղ մեխանիզմի ձևավորում։
«Այժմ էլ շարունակում ենք այդ թեմայի քննարկումները՝ գործնական մեխանիզմի ձևավորման նպատակով», – նշել է նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ խաղաղության կառուցման գործընթացում նկատվում է առաջընթաց։ Մասնավորապես, կատարվել է 12.7 կիլոմետր սահմանազատում, որի երկու կողմերում էլ տեղակայված են սահմանապահ ստորաբաժանումներ։
Գրիգորյանը հավելել է, որ փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խմբերը շարունակում են բանակցությունները՝ սահմանազատման գործընթացում նոր առաջընթաց ապահովելու համար։ Նրա փոխանցմամբ՝ վերջին պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատումը պետք է շարունակվի Հայաստան–Վրաստան–Ադրբեջան եռակողմ սահմանակետից՝ բանակցային ուղիներով հնարավոր լուծումների հասնելու նպատակով։