25.11.2024
Արցախում ներդրումներ կուղղվեն արևային էլեկտրակայանների կառուցմանը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն առաջարկել է Իրանին ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն

Հայաստանն առաջարկել է Իրանին ստեղծել հայ-իրանական համատեղ ներմուծող/արտահանող ընկերություն, որը կնպաստի Հայաստանից Իրան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Հայաստանի համար արտոնյալ ռեժիմ ունեցող շուկաներ իրանական ապրանքների արտահանմանը:


Առաջարկը հնչել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի կողմից Թեհրանում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրոթաջի և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալի Աքբար Մեհրֆարդի հետ հանդիպման ժամանակ:


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ իրանական կողմը ողջունել է ներկայացված գաղափարը և առաջարկել քննարկել իրականացման հնարավոր մեխանիզմները:


Նշվում է, որ Թեհրանում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ հերթական խորհրդակցություններն են անցկացվել, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են համաձայնագրի նախագծի տեքստը, ինչպես նաև Համաձայնագրին կից այն ապրանքների ցանկերը, որոնց համար կողմերը առաջարկում են կիրառել սակագնային արտոնություններ: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով տեսանելի ապագայում ստորագրել նշված ժամանակավոր համաձայնագիրը: