VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը, երեկ ՀԺ թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին: «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»,- ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու: «Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն, չէ՞: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի»,- ասել է Բաբայանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։ «Ժամանակ»-ի աղբյուրը պատմում էր, որ այս բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից, որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու և վիճակը բեկելու համար։ Երեկվա միջադեպը հենց այդ տրամաբանության մեջ է։ Ըստ մեր տեղեկությունների՝ երեկվա միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նախընտրական Հայաստանը վերածվել է Սիցիլիայի: Սկզբում իշխող ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն էին իրար կոկորդ կրծում, սա այն բանից հետո, երբ չէին կարողացել միմյանց մեջ «կիսել ընտրատարածքը», հիմա էլ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հակառակորդների հետ հարցերը փորձում են բռունցքով և զենքի ուժով լուծել: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները դաժան ծեծի էին ենթարկել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբորը՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Լեռնիկ Երանոսյանին, վերջինս ատրճանակից օդ էր կրակել, խլել էին նաև ատրճանակը: և ահա երեկ այդ միջադեպը շարունակություն է ունեցել: Անչափահասների կռիվը վերածվել է մեծերի ծեծկռտուքի:
Կռվին խառնվել է անձամբ Լյովա Երանոսյանը: Գործի է դրվել նաև ինքնաձիգ: ՕՐՕ դաշինքի երեք կողմնակիցներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկը ստացել է հրազենային վնասվածք, մյուսը դանակահարվել է: Հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հին պատմություն ունի. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում, երբ համայնքի ղեկավար է ընտրվել Երանոսյանի բարեկամ, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը, հիմա նրա նախկին մրցակիցը՝ Մելիք Մելքոնյանը, ՕՐՕ դաշինքի կազմում է, և վեճը այդտեղից է սկսվել: Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ իշխանություններին հաջողվեց ԱԺ այս ընտրությունները, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանում իշխանություն ձևավորելու միակ միջոցն են, իջեցնել «թաղի տղերքի ընտրության» մակարդակի՝ վարկաբեկելով այն: Բարձրաստիճան ոստիկաններն իրենց պահում են թաղային խուժանի նման, երբ անձամբ են ծեծկռտուքներին մասնակցում (չնայած՝ Սարի թաղի հայտնի միջադեպերի գլխավոր հերոսներ Լևոն և Լեռնիկ Երանոսյաններից այլ բան պետք չէր սպասել):
Ուշագրավ է, որ մարզերում խրոխտ խորհրդակցություններ անցկացրած ՀՀ ոստիկանությունն ու անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանը լռում են ոստիկանների մասնակցությամբ կատարված միջադեպի մասին: Ակնհայտ է, որ ոստիկանությունն իրավիճակին չի տիրապետում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ, ներառյալ 2016 թվականին, չեն արձանագրվել: Ասել է, թե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը հերքել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել անորակ վառելանյութի պատճառով: Հատկանշական է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել էր նաեւ նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ: «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»: ՊՆ հերքումը հաջորդել էր այդ հայտարարությանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, թե ՊՆ-ն հերքում է իր հայտարարությունները, Կարեն Կարապետյանն ասաց. «Դե, հերքում են, դուք էլ նայեք իմ պատասխանը»: Փաստորեն, ներիշխանական խուլ պայքարն, այնուամենայնիվ, ընթանում է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկ մրցապայքարը թեժ է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Սեւանի կենտրոնում՝ եկեղեցու մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմում են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել, անգամ բանը հասել է իրար արյունլվիկ անելուն: ՀՀԿ–ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել, մոռանալ միջադեպի մասին: ՀՀԿ թեկնածու Կարեն Բոթոյանը երեկ ողջ օրն անհասանելի էր, իսկ Աշոտ Ավետիսյանը «Փաստին» վստահեցրեց, որ նման բան չի եղել ու չէր կարող լինել: «Նման բան չի եղել Սեւանում: Եթե լիներ, ես տեղյակ կլինեի: Մենք Կարեն Բոթոյանի հետ նույն կուսակցությունից առաջադրված թեկնածուներ ենք, ո՞նց կարող է նման բան լինի»,– հայտարարեց Ավետիսյանը՝ հավելելով. «Նորմալ քարոզարշավ ա գնում, ամեն մեկն իր հնարավորության սահմաններում պայքարում է»: Իսկ միջադեպի վկաները հաստատում են կատարվածը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։ Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առեւտրի, սպասարկումների եւ գովազդի, քաղաքաշինության եւ հողօգտագործման, կրթության, մշակույթի եւ սպորտի բաժինների պետերից։ Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։ «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաեւ նրա զավակները․ որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մի շարք հայտնի սփյուռքահայ հայեր՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և այլոք ապրիլի 2-ին մասնակցելու են ընտրություններին որպես դիտորդ՝ փորձելով կանխել հնարավոր ընտրախախտումները։ Մեզ հասած տեղեկություններով՝ այս առաքելությունը իրականում մտածված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին աջակցելու և ապրիլի 2-ից հետո երկրում համապատասխան հասարակական տրամադրություններ գեներացնելու համար»։