15.05.2025
Ստացվում է, որ ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրենքը բլեֆ է, աչքակապություն. Բագրատյան
prev Նախորդ նորություն

Խորհրդարանը քննարկել է ՌԱՀ մասին օրենքում լրացման նախագիծ

Մայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ:


«Օրենքի նախագիծը միտված է բարելավելու մեր ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը: Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարեւորություն ունի մեր պետության պաշտպանական եւ տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից»,- ասել է հիմնական զեկուցող Տրդատ Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջեւ, եւ այդ իրողության պայմաններում մեր պետության ռազմաարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել են խիստ անհրաժեշտություն: Նշվել է, որ ռազմարդյունաբերական ոլորտը պետք է լինի մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը եւ դրա արդյունավետ զարգացման համար պետք է ապահովվի համապատասխան օրենսդրական հենք:


Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն ՀՀ կառավարության համար, որը հնարավորություն կընձեռի ընդունել որոշում եւ պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով:


Տրդատ Սարգսյանի դիտարկմամբ առաջարկվող կարգավորումն անհրաժեշտ է ոչ միայն ռազմարդյունաբերության սահուն զարգացման համար, այլեւ կարող է խթանել գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական գործունեությունը՝ նպաստելով տեղական ինովացիաների զարգացմանը, միեւնույն ժամանակ ստեղծել վերահսկելի մեխանիզմներ պետության կողմից սեփական ռեսուրսների գործառնական օգտագործման համար:


Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում: «Նախագիծը ոչ միայն տեխնիկական լրացում է, այլեւ՝ համակարգային քայլ մեր ռազմարդյունաբերության ներուժը լիարժեք օգտագործելու եւ զարգացման նոր փուլ մտնելու ուղղությամբ»,- ասել է Տրդատ Սարգսյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:


Հարակից զեկուցող, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ մայիս ամսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների՝ նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման, հիմնանորոգման, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով: «Անհրաժեշտ է օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Կառավարությանը համապատասխան ռազմամթերքը, զենքերը, որոնք հանդիսանում են պետական սեփականություն, տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին»,- մանրամասնել է Մխիթար Հայրապետյանը:


Արտահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին սրընթաց զարգանում է ռազմարդյունաբերական համալիրը, եւ պաշտպանական կարիքների համար միլիարդավոր դրամներ են ծախսվում ներքին արտադրողներից ձեռքբերումների համար: Նա առաջարկել է ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաների սահմանման հարց քննարկել: «Առաջարկում եմ, որպեսզի ներմուծում եւ ներքին արտադրություն համամասնությունների մեջ փորձենք օրենսդրական այնպիսի կարգավորումներ դնել, որպեսզի ներդրումների եւ զարգացման շարունակականությունն ապահովված լինի երկարաժամկետ կտրվածքով՝ անկախ քաղաքական որոշումներից եւ տարբեր տեսակի փոփոխություններից»,- նշել է Հակոբ Արշակյանը:


Քվեարկությամբ օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԳ նախարարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում մեկնել է Ալբանիա
Հաջորդ նորություն next