ՔԿ. Ջրառատում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի կողմից հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նախնական տվյալներով՝ ժամը 13։30-14-ի սահմաններում Ջրառատ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ ինքնաձիգից հնչել են կրակոցներ։ Միջադեպը կանխվել է համայնքային ոստիկանի միջամտության արդյունքում, ով կարողացել է վնասազերծել և վերցնել ինքնաձիգը։
Միջադեպի հետևանքով՝ երեք անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժշկական նախնական հետազոտության արդյունքների՝ տուժածներից մեկը հրազենային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, երկրորդը՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ՝ մեջքի շրջանում, երրորդը՝ ձախ ձեռքի կոտրված։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 112-րդ, 258-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով։
Ստեղծվել է քննչական խումբ և այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ փորձագետների հետ միասին, իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու համար, քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ այսօր միջադեպի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել «ՕՐՕ» դաշինքը, ըստ որի՝ ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: