25.11.2024
Դեսպան. Ֆրանսիան կողմ է Արցախի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ականները զինված հարձակում են գործել ՕՐՕ դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ

 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:


Նման հայտարարությամբ հանդես է եկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը:


Նշվում է, որ հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնեն հաջորդիվ:  


VERELQ-ի հետ զրույցում դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը նշեց, որ երեք վիրավոր կա, որոնցից մեկն անչափահաս: Նրանց տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:


Հիշեցնենք, օրերս Ջրառատում նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել: Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում: Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:


Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին ժամը 16-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Երանոսյանը և Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ:


Զննվել է դեպքի վայրը, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակը։


Նշված դեպքի շրջանակներում նույն օրը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 5 անձ, ևս մեկը ներկայացել է կամավոր։ Առգրավվել են վերջիններիս հանգին՝ դեպքի պահին եղած հագուստները։ Բերման ենթարկված անձինք փաստաբանի ներկայությամբ հրաժարվել են կրակոցի արգասիքի նմուշ և բացատրություններ տալուց:


Ստուգվել է բերման ենթարկվածների սթափության աստիճանը և, համաձայն զննության արձանագրություն, նրանք գտնվել են սթափ վիճակում:


Դեպքի վերաբերյալ հաղորդում և բացատրություն է տվել Լեռնիկ Երանոսյանը։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ»։