Թեև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս լրագրողներին խորհուրդ տվեց զինվել համբերությամբ, որովհետև «գուցե առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորություն լինի», սակայն, Միրզոյանի այդ կոչից հետո լավ նորության փոխարեն՝ վատ նորություն լսվեց. Ադրբեջանի զինուժը կրակել է Սյունիքի Խնածախի ուղղությամբ և դարձյալ վնասել է բնակելի տուն։
Նշենք, որ սա վերջին երկու ամսվա ընթացքում ադրբեջանական կրակոցների մասին փաստող թվով վեցերորդ հաղորդագրությունն է, որին ի պատասխան՝ շատ արագ արձագանքում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, խոսելով ադրբեջանական կողմից հնչող կրակոցների մասին, ընդգծեց՝ դրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական կողմն ամենևին էլ խաղաղության գնալու ցանկություն չունի, իսկ հայկական կողմը, մասնավորապես, բանակը, չի կատարում սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները և նախընտրում կրակոցին չպատասխանել կրակոցով։
«Ադրբեջանական զորքի կողմից ռազմակալված Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը չի վերականգնվում։ Ավելին, բանակի մարտական ոգին նսեմացնում են՝ անընդհատ անելով հայտարարություններ, թե կրակելու հրաման չկա, և բանակի առջև ռազմական գործողության դիմելու խնդիր դրված չէ»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ ՀՀ իշխանությունն անում է սահմանագծում և սահմանազատում գործընթացի անվան տակ, դա միակողմանի զիջումներ են, և դեռ պետք է հասկանալ՝ շարունակվող այդ գործընթացը հիմա ո՞ւմ շահից է բխում։
«Փաշինյանը ստում է, Կիրանցում մարդիկ ահաբեկված մտածում են՝ ո՞ւր գնան։ Գիտեք՝ երբ զինվորը չունի իր թիկունքում բնակչություն, այդ զինվորը չի կռվելու»,- ասաց Քերոբյանը՝ հավելելով՝ ՀՀ իշխանությունը միակ բանը, որ լավ է անում, դա ժողովրդի պառակտումն է։
«Այս իշխանությունը պառակտում է ժողովրդին, այս իշխանության համար համախմբված ժողովուրդը վտանգավոր է, կարող է իշխանափոխություն իրականացնել։ Այս իշխանությունը ոչնչացնում է հայկական պետականությունը՝ թիրախավորելով պետական ազգային ինստիտուտները»,- ասաց նա։