ԱԺ-ն մերժեց ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկը
Ազգային ժողովը մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկը՝ ձևավորել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ նպատակ ունենալով ուսումնասիրել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ:
Առաջարկին կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 47, իսկ 1 պատգամավորը ձեռնպահ է մնացել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես եկավ նախաձեռնության դեմ՝ հիմնավորելով, որ նման հանձնաժողովը արդյունավետ չի լինի և կարող է խոչընդոտել էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորմանը։
Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկի հիմքում 2025 թվականի մարտի 20-ին ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ, ըստ նախագծի հեղինակների, Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասել է՝ «շուրթերդ մաքրիր» և արգելել նրան կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։