28.11.2024
Փորձագետ. Իրանը` Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման մեդիատոր
prev Նախորդ նորություն

Ծառուկյան. Գնացեք ու ընտրեք, մեզ հնարավորություն տվեք երկիրը փոխելու

Ես տեղյակ եմ այն լուրերից, որ շրջանառվում են իմ քաղաքականություն վերադառնալու հետ կապված, իբր ես վերադարձել եմ պայմանավորվածության արդյունքում: Ես վստահ եմ, որ ժողովուրդը լավ գիտի իրականությունը, որովհետև եթե դա պայմանավորվածություն լիներ՝ 2015 թվականին ես չէի հեռանա: Այս մասին Արագածոտնի մարզի Թալին համայնքում այսօր հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.


«Հարց եմ տալիս՝ 2015-ը ձեզ համար ապացույց չէ՞ր: Ապացույց չէր, որ ոչ մի պայմանավորվածություն չկա, որովհետև ժողովուրդը պատրաստ էր դուրս գալու արյունահեղության, բայց ես դա թույլ չտվեցի, հեռացա: Բայց այսօր ես տեսնում եմ իմ վերադառնալու պահանջը ու եկել ու ասում եմ՝ գնացեք ու ընտրեք, մեզ հնարավորություն տվեք ու մենք երկիրը կփոխենք»,- հայտարարել է նա:


Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է նաև իր կողմից ներկայացվող ծրագրի ընդդիմախոսների հայտարարություններին: Ըստ նրա՝ դաշինքը ներկայացնում է իր ծագիրը, իսկ դրան զուգահեռ որոշ մարդիկ փնովում են, թե Ծառուկյանը պոպուլիզմով է զբաղված:


«Ի՞նչ պոպուլիզմի մասին է խոսքը, երբ մենք մեր գործունեությամբ ենք ապացուցել այն, թե ինչ կարող ենք անել ու ինչ փոփոխություն կարող ենք բերել, մենք գործի մարդ ենք»,- հայտարարել է նա:


Ծառուկյանի խոսքով՝ դաշինքը առաջարկում է լուրջ հաշվարկների վրա հիմնված ծրագիր, որի առաջնահրեթ 15 կետերը կյանքի կկոչվեն անմիջապես ընտրություններից հետո, եթե «Ծառուկյան» դաշինքը ստանա վստահության 50+1 տոկոսը:


«Ասել ենք, որ թոշակները բարձրացնելու ենք ու բարձրացնելու ենք: Ասել ենք, որ բանկի տոկոսները իջեցնելու ենք ու այդպես էլ անելու ենք՝ վարկերը կլինեն 2-5 տոկոս: Մենք առաջարկում ենք առողջացման ծրագիր, որը թույլ կտա ժողովրդին շնչել ու ոտքի կանգնել: Անհնարին ոչինչ չկա»,-ասել է նա:


Արագածոտնի մարզում իր այսօրվա հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանը անդրադարձել է նաև կրթական ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով՝ չպիտի այնպես լինի, որ պետությունը չկարողանա հոգ տանել գերազանցիկ ու լավ սովորող երախաների մասին, որոնք այսօր դուրս են մնում կրթական համակարգից գումար չունենալու պատճառով:


Ծառուկյանը նշում է, որ կրթության ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն պետական միջոցներով ու աջակցությամբ, որը թույլ չի տա երեխաներին դուրս մնալ համակարգից, իսկ հետագայում, երբ նրանք կանցնեն աշխատանքի, այդ գումարները կվերադարձվեն տարիների ընթացքում աշխատավարձի պահումներից: Սա անհրաժեշտ է նաև, որպեսզի լավ կրթություն ստացած մասնագետը չհեռանա երկրից, ինչպես այսօր է և իր գործն ու գիտելիքը ներդնի երկրի ու տնտեսության զարգացմանը:


«Անցած տարիների ընթացքում Հայաստան մեծ գումարներ են եկել՝ գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, և բանկերը կարող էին գյուղացուն 3-4 տոկոսով վարկեր տալ: Բայց իրականում գյուղացիներին վարկեր են տրվել 24-30 տոկոսով: Եթե բիզնեսի շահույթը 7-15 տոկոս է, իսկ գյուղացուն 24-30 տոկոսով են վարկ տալիս, ապա նշանակում է, որ խորտակման եզրին եք կանգնած՝ վերցնում եք, աշխատում եք բանկի համար, ձեր ունեցվածքն էլ մնալու է բանկերին: Մեր ծրագրի կյանքի կոչման դեպքում գյուղատնտեսական վարկերը կլինեն 2-5 տոկոս, որպեսզի մարդիկ կարողան շնչել, իսկ նախկինում վերցրծ բարձր տոկոսներով վարկերը պետք է վերանայվեն, պատասխանատուները պատժվեն»,- հավաստիացրել է նա Աշտարակում:


Իր հանդիպումների վերջում Ծառուկյանը հորդորում է ժողովրդին այս անգամ շատ լուրջ վերաբերվել ընտրությանը ու ընձեռված հնարավորությունը ճիշտ օգտագործել, այլապես հաջորդ հինգ տարիները կործանարար կարող են լինել Հայաստանի համար, եթե ապրիլի 2-ին ոչինչ չփոխվի.


«Ժողովուրդ ջան, ձեզ տրված է հնարավորություն, ում հավատում եք՝ գնացեք նրան էլ ընտրեք: Կարող է մարդուն չսիրեք, բայց մարդու արած գործը պիտի գնահատեք, այլապես հինգը տարի ի՞նչ եք անելու: Մենք գիտենք իրականությունը ու պատրաստ ենք այն փոխել»,- հավաստիացնում է նա:


Ամփոփելով նախընտրական քարոզչության առաջին շաբաթը նկատենք, որ ամենից մարդաշատ հանդիպումներ անցկացնում են երկու քաղաքական գործիչներ՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և Հանրապետական կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Այս երկուսի տարբերությունը թերևս նրանում է, որ Ծառուկյանի հանդիպումները կայանում են համայնքների հրապարակներում ու բացօթյա տարածքներում, իսկ ՀՀԿ-ինը՝ հիմնականում փակ տարածքներում, դահլիճներում: Այս վերջին հանգամանքը կասկածի տեղիք է տալիս ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման խոսակցությունների մասով, ինչը անընդհատ բարձրաձայնում են քաղաքական մյուս ուժերը, որոնց նախընտրական հանդիպումներին մարդկանց մասնակցությունը շատ փոքր է: