25.11.2024
ԱՄՆ դեսպանը հորդորում է տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու փորձերին
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է դեպի Ջերմուկ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը, բայց միայն առողջարանների և հյուրանոցների գործունեության ակտիվացումը չի կարող դա ապահովել: Կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը, սննդի, ժամանացի, ծառայությունների մատուցման օբյեկտների ավելացումը, զբոսաշրջիկի համար հետաքրքիր փաթեթների մշակումը: Այս մասին վարչապետը հայտարարել է Վայոց Ձորի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:


Նրա խոսքով՝ Ջերմուկը չի կարող գրավիչ լինել, եթե անհրաժեշտ ենթակառուցվածքները բացակայում են:


«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան Ջերմուկ, շահագրգռված ենք, որպեսզի բիզնեսն ակտիվանա: Ջերմուկի քաղաքապետից ակնկալում ենք զբոսաշրջության զարգացման կոնկրետ, համալիր ծրագիր՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Այսօր աշխարհում գումարի պակաս չկա, կա արդյունք տվող գաղափարի պակաս»,- ասել է Կարեն Կարապետյանը:


Այնուհետև վարչապետն այցելել է հանքային և բնական ջրերի արտադրությամբ զբաղվող «Ջերմուկ գրուպ» գործարան, որտեղ կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում, որից միայն 3,4 մլրդ դրամն ուղղվել է ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը: «Ջերմուկ գրուպ»-ը ներկայումս ունի 370 աշխատակից: Պատասխանատուների հավաստմամբ, նոր ներդրումների արդյունքում աշխատատեղերի քանակը կավելանա 15 տոկոսով:


Կարեն Կարապետյանն այցելել է նաև 2009 թվականից հիմնված Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ արդեն իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Գործարանն արտադրում է այծի պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական ծավալները հասել են 110-120 տոննայի, ինչը գործարանի հիմնադրման տարվա համեմատ 15 անգամ ավելի է: Նշվել է, որ նոր ներդրումների արդյունքում արտադրանքն ու տեսականին կավելացվեն, որի 90 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ մնացած մասն իրացվում է հայաստանյան շուկայում: Վարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում արտադրանքն Իրան և Ուկրաինա արտահանելու ուղղությամբ:


«Բոլոր մարզերը և համայնքները պետք է ըստ մեթոդաբանության ներկայացնեն զարգացման հնգամյա ծրագիր, ինչը չափազանց կարևոր փաստաթուղթ է և որին արձագանքելու ենք: Առաջին կետը, որտեղ մեր քաղաքացու կյանքը կարող ենք լավացնել՝ դա կայացած, բալանսավորված համայնքներն են: Հենց ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, թե իր ելակետը որն է՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն՝ ինքներդ ձեր հիվանդությունները, բացթողումներն ու առավելությունները տեսնելու եք: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին: Կանգնելու ենք ուժեղի կողքին, որպեսզի մոտիվացնենք մյուսներին և ամեն մեկն իր վրա բեռ վերցնի: Կառավարության և համայնքների ջանքերը համատեղելով՝ պետք է ապահովենք տնտեսության և համաչափ տարածքային զարգացում»,- Վայոց Ձորի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է նա՝ ավելացնելով, որ եթե համայնքապետերը ցանկանում են լինել հաջողակ և կառավարության հետ համագործակցությունը լինի էֆեկտիվ՝ պետք է գործեն ըստ մեթոդաբանության և հստակ ծրագրի: