Ծեծի միջադեպը վերածվել է մեդիաաղմուկի, ոչ թե պայքարի
Արձանագրենք, որ մեդիաաղմուկից բացի, Հայաստանում որեւէ ուժ ըստ էության փորձ էլ չարեց հանրային բողոք կազմակերպել ընդդեմ ծեծի հետ կապված աղմկոտ միջադեպի եւ դնել դրանով աչքի ընկած պաշտոնյայի պաշտոնանկության կամ հրաժարականի հարց:
Իսկ մեդիաաղմուկը ոչ միայն քիչ է, այլ ըստ էության ունի բոլորովին այլ նպատակային ուղղություն: Մեդիաաղմուկը քաղաքական միավորի միջոց է, ոչ ավելի: Այլ կերպ ասած, միջադեպը պարզապես փորձ արվեց վերածել տեղեկատվա-քարոզչական միավորներ հավաքելու առիթի:
Իհարկե դա էլ քաղաքական հաշվարկ է, ամեն ուժ ունի իր քաղաքական հաշվարկի իրավունքը, պարզապես արձանագրենք հաշվարկների «ալգորիթմը», որպեսզի հասկանալի լինի Հայաստանում ներքաղաքական իրավիճակի տրամաբանությունը:
Ես բազմիցս կարծիք եմ արտահայտել, որ մեծ հարց է՝ արդյո՞ք Հայաստանում կա գործնականում մի ուժ, որը ներկայումս իրապես պատրաստ է ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն, քան պարզապես Նիկոլ Փաշինյանին քննադատելը, նրան կապիտուլյանտ, դավաճան կամ թուրք անվանելը:
Չեմ կարող պնդել, բայց ունեմ որոշակի համոզում, որ չկա այդպիսի ցանկություն ունեցող ուժ: Այդ իրավիճակը ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բաղադրիչներ, բայց այն կարծես թե հենց այդպիսին է: Ներկայումս հիմնական ուժերը զբաղված են գերազանցապես նախընտրական տակտիկական պայքարով, որի տեղեկատվա-քարոզչական փաթեթավորումները իհարկե տարբեր են:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան