2.05.2025
Հայաստանում գործազուրկների և վարձու աշխատողների իրական խնդիրները
prev Նախորդ նորություն

Թեժ պայքար՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար. Մամուլ

Լուսանկարը՝ dialogorg.ru
Լուսանկարը՝ dialogorg.ru

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․


«ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարեւոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետեւ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաեւ ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում: Սա գիտեն նաեւ նրա թիմում եւ, ասում են` այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:


Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի` արտերկրյա այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների եւ բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը:


Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած` հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ` լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները` չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել»:


«Հրապարակ» թերթը գրում է․


««Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքից հետո «Հանրապետություն» եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունների միջեւ «բազառ» է սկսվել: ՔՊ-ում հասկանում են, որ եթե թաղապետը չազատվի պաշտոնից` տեսախցիկի առաջ խմբակային ծեծին մասնակցելուց հետո, ապա դա իրենց չի ներելու վրդովված հանրությունը:


Սակայն, մյուս կողմից, Արամ Զավենիչի կուսակիցները «պատվի հարց» են համարում իրենց կուսակցի պաշտոնավարման հարցը եւ շատ արմատական են տրամադրված: Հենց դեպքի օրը «Հանրապետության» կուսակցական ակտիվը մի քանի ժամ քննարկել է կատարվածը եւ որոշել, որ «իրեն հարգող ցանկացած տղամարդ սադրանքներին այդպես պետք է պատասխաներ», ուստի կոալիցիոն գործընկերներին բաց տեքստով շանտաժ են արել, որ եթե նման որոշում կայացվի, եւ իրենց թաղապետին պատժեն` գործից ազատեն, ապա Երեւանի ավագանիում իշխանության կոալիցիան կքանդվի, եւ ՔՊ-ն կկորցնի նաեւ Երեւանը։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն Երեւանում իշխանություն ունի՝ բացառապես շնորհիվ «Հանրապետության» եւ Դոգի, որոնց տված ձայների շնորհիվ է Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձել: Թերեւս, նաեւ այս «բազառներից» հետո է քաղաքական որոշում ընդունվել, որ հանրային զայրույթը գոնե մեղմելու համար քրեական հետապնդում սկսվի` մեղմ հոդվածով:


Եվ տեղեկացրին, որ 2 քրեական վարույթ է հարուցվել․ մեկը՝ նախորդ օրը կազմակերպված ակցիայի հետ կապված, որի ժամանակ թաղապետի լուսանկարի վրա յոգուրտ էին լցնում Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը: Մյուսը՝ մի խումբ անձանց կողմից խմբակային ներգործության հոդվածով, որով անցնում է նաեւ թաղապետը: Որոշ ժամանակ իբրեւ թե կքննեն այս գործերը, ապա կառաջարկեն` երկուսն էլ կարճել, եւ թաղապետն էլ կշարունակի պաշտոնավարել»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։ Որքանով են այս խոսակցությունները հավաստի դժվար է ասել, սակայն փաստ է Ղուկասյանը ազատվել է անակնկալ կերպով:


Նկատենք, որ ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են Լուսինե Մարտիրոսյանը, Նարինե Գասպարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Մանե Մարկոսյանը, Եվա Սաղոյանը։


Սակայն սա դեռ վերջը չէ:


Հիմա արդեն նաև գլխավոր դատախազի 3 օգնականներն են կանայք՝ Արփինե Մանուկյան, Քրիստինե Գրիգորյան, Անահիտ Բաբախանյան»։


 

Նոր Նորքի թաղապետն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է շանտաժի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով