Քաղաքապետարանը աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով աղբի վերամշակման ծրագրի վրա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանական է համարում Նուբարաշենում աղբի վերամշակման կայան կառուցելու համար երկփուլ մրցույթի անցկացումը:
Քաղաքապետարանը տարբեր ուղղություններով աշխատում է Նուբարաշենում ժամանակակից տեխնոլոգիաներով աղբի վերամշակման ծրագրի վրա: Ապրիլի 22-ին ավագանու նիստում Ավինյանը նշել է, որ համագործակցում են Համաշխարհային բանկի հետ և վերջերս հրավեր են ստացել Սոֆիայում աղբի վերամշակմանը նվիրված գիտաժողովին մասնակցելու համար:
Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ տարված աշխատանքները չեղարկվել են, քանի որ ծրագրի մոտեցումը սխալ էր: Ավինյանի խոսքով՝ առավել հեռանկարային է երկփուլ մրցույթի միջոցով ծրագրի իրականացումը, որը կներառի աղբավայրի փակում և վերամշակման կայանի կառուցում՝ քաղաքապետարանի, մասնավոր և միջազգային գործընկերների համագործակցությամբ: Քաղաքապետարանը հավաքել է առաջարկների փաթեթներ և մշակել մրցույթի մանրամասները, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել: Ծրագրի իրականացումը կարող է տևել 4-5 տարի: