Հայրենիքի պաշտպանությունից փախած պետական դավաճաննե՛ր, մնացե՛ք ձեր նկուղներում. Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը քննադատական խոսքով դիմել է բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք պատերազմի օրերին, իր բնութագրմամբ, փախել են հայրենիքը պաշտպանելու առաքելությունից ու թաքնվել իրենց նկուղներում, իսկ հիմա նադես են գալիս Հայաստանը խորը ճգնաժամից դուրս բերելու մտքերով ու վերլուծություններով:
Նրա խոսքով, այդ մարդիկ չեն կարող խոսել Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին, քանի որ նրանց հետաքրքիր է միայն բիզնեսը:
"Բա ո՞ւր էիք, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայատյաց Ադրբեջանը հարձակվեց մեր Սուրբ Արցախի և մեր Սուրբ Հայաստանի վրա. հը՞: Թե՞ սպասում էիք, որ պատերազմն ավարտվի, որպեսզի է՛լ ավելի մեծ թափով շարունակեք ձեր քաղաքական ավանտյուրաները և զարգացնեք ձեր բիզնեսը: Ուզում եք ասել, որ դուք հայրենասե՞ր եք, մտահո՞գ եք Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովմամբ, հա՞"- գրել է Ասրյանը:
Ըստ Ասրյանի, նա, ով պատրաստ չէ իր կյանքը միշտ զոհաբերել հանուն ամբողջական Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման, ավելին՝ իր կյանքը փրկելու համար ուղղակի փախել է 44-օրյա պատերազմից, նա երբեք չի կարող խոսել Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման մասին, ինչպես նաև, նա երբեք չի կարող խոսել Հայաստանի ու Հայ ժողովրդի անունից, առավել ևս հավակնել Հայաստանը ղեկավարելուն: