16.04.2025
Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուբինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանի քննադատությանը․ «Թող իրենց հռչակեն մոնարխիստ»

Ընդդիմության, մասնավորապես նախկին նախագահների հետ առնչվող կառույցների մեղադրանքներին ի պատասխան՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ ուժերը տարիներ շարունակ գործել և շարունակում են գործել ՀՀ շահերի դեմ՝ խարխլելով երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու ժողովրդավարությունը։


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից արված պատկերավոր համեմատությանը, թե ժողովուրդը նախրի միջից պաչել է ամենաբարձր զռռացողի՝ էշի ճակատը, Ռուբինյանն ասաց, թե թեև մեծ է գայթակղությունը էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնավորապես, երբ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա ոնց է անվանում, սակայն ինքը այդ դաշտ չի իջնի:


«Ես Սերժ Սարգսյանին կպատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանի ասածից ցիտելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»,- ասաց Ռուբինյանը:


Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքին, թե 2018-ին եղել է իշխանազավթում, առաջարկեց փաստերը դնել իրար կողքի:


«Սերժ Սարգսյանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի: Հետո տալիս է հրաժարական, հետո Հանրապետական խմբակցության, այդ թվում՝ Դաշնակցության խմբակցության անդամները քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի: Հիմա՝ եթե իշխանազավթում եղել է, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը: Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ստացվում է՝ Սերժ Սարգսյանը և Հանրապետականը մասնակցել են դրսից իրականացվող հեղաշրջմանը: Հարց եմ տալիս. ուրեմն ինքը կապիտուլյանտ անձնավորությո՞ւն է, որ թույլ է տվել երկրում դրսից հեղաշրջում իրականացվի: Էդ դեպքում ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի»,- հայտարարեց Ռուբինյանը:


Իրականությունը, ըստ նրա, հետևյալն է. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրանց կողքին գտնվող տարատեսակ դեմքերը այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը:


«Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել՝ ամեն անգամ ընտրություն կեղծելով ու մնացած բոլոր հանգամանքներով: Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում: Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունն ի ծնե պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանին, և ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, էդ դեպքում գուցե տրամաբանություն կա իր ասածի մեջ: Բայց ուրեմն թող իրենց հայտարարեն մոնարխիստ, հայտարարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը, և ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը նրանից»,- ասաց Ռուբինյանը:


Նա դարձյալ ընդգծեց՝ ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը և իր խմբակը կամ այլ խմբակներ կհայտնեն իրենց դիրքորոշումը, իրենք՝ իրենցը, իսկ ժողովուրդը կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը:

Գրիգորյանն ու Կուբիլյուսը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Հաջորդ նորություն next