16.04.2025
Լուսանկարը` yerkir.am
prev Նախորդ նորություն

ԱՆ աշխատում է նոր Սահմանադրության վրա. նախաբանի փոփոխություն չի քննարկվում

Լուսանկարը` ՀՀ արդարադատության նախարարություն
Լուսանկարը` ՀՀ արդարադատության նախարարություն

Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է երկրի նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, ընդ որում՝ նախաբանի փոփոխության հարց օրակարգում չկա։ Այս մասին ապրիլի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։


Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել միանգամից աշխատել Սահմանադրության տեքստի վրա, այլ ոչ թե հայեցակարգի, Դադունցը բացատրեց. «Մենք ունենք շատ սեղմ ժամկետ։ Ունենք հանձնարարական, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի։ Ինչո՞ւ հայեցակարգ չէ, այլ միանգամից Սահմանադրության տեքստ, որովհետև առաջինը՝ ժամկետի խնդիր ունենք, երկրորդը՝ հայեցակարգի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում շատ երկար աշխատանք տարվել է։ Ունենք հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ կենտրոնացվել են խորհրդի տարբեր անդամների, նաև նախարարության կողմից մշակված հայեցակարգային կտորները։ Եվ մենք հիմա, հիմք ընդունելով այդ հայեցակարգային փաստաթղթերը, նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները, աշխատում ենք տեքստի վրա, որ արագացվեն աշխատանքները»։


Փոխնախարարն ընդգծեց, որ դա չի նշանակում, թե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի գործում։ «Մենք առաջարկել ենք խորհրդի անդամներին, որ երբ մշակվի Սահմանադրության տեքստը, գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է խորհրդի անդամներին, իրենք դրանք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել, և նորից մենք կարողանալու ենք իրենց հետ թեմա առ թեմա քննարկել», - նշեց նա։


Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվու՞մ է Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին, Դադունցը հայտարարեց. «Այս պահին նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»։


Անդրադառնալով նախաբանի առնչությամբ ադրբեջանական կողմից հնչող մտահոգությանը, նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանն իր վերջին որոշման մեջ այդ հարցին պատասխան տվել է։ «Եղել է մեկնաբանություն, որ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահմանադրության մեկնաբանությանն ու կիրառությանը», - ասաց նա։


Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։


Ադրբեջանական կողմը հիշատակում է ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ էլ խոսք է գնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ չի պարունակում։ Նաև Հայաստանի սահմանադրական դատարանն է հայտարարել, որ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։

Տիգրան Ավինյանը ընդունել է Իտալիայի դեսպանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան