7.04.2025
Լուսանկարը՝ 168.am
prev Նախորդ նորություն

Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»

3-րդ հանրապետությունը ձախողվեց, որովհետև միտքը, ազգային կապիտալը և քաղաքական ինստիտուտներն իրար չհանդիպեցին. զարգացան զուգահեռ կյանքերով, և կուլմինացիան Նիկոլի իշխանությունն էր։
 
Օրերս մասնակցում էի Նյումեգ հրատարակչության կազմակերպած՝ Տիգրան Հայրապետյանի գրքի շնորհանդեսին։ Նյումեգը լուրջ գործ է արել՝ հինգհատորյակով թողարկել է Տիգրանի քաղաքագիտական աշխատությունները՝ ամփոփելով նրա ժառանգությունը։ Սա իրոք կարևոր է՝ մեր քաղաքագիտական մտքի և իրական բանավեճի աղքատացման (անապատացման) ֆոնին։

Շնորհանդեսի ընթացքում հիշեցրին Տիգրանի մի ձևակերպումը՝ ասված երևի 30 տարի առաջ, որ մեր պետությունը միտք է ուզում, ու մեր փոխարեն ոչ ոք դա չի անի։ Մենք պետք է մեր երկրում միտք գեներացնենք, առանց մտքի ոչ մի զարգացում չի լինի։

Այսօրվա անմիտ Հայաստանի համար սա որպես վերակենդանացման ուղերձ է հնչում։
 
Անմտությունը` գովելի, կարծիք չունենալը՝ հաջողության կարևոր պայման
 
Անմտությունը մեզ շատ երկար է ուղեկցել։ Մեր պետական, քաղաքական և հանրային ինստիտուտները լեցուն են եղել անմտությամբ, իսկ ազգային կապիտալն ընդհանրապես ապրել է վայրի պատկերացումներով՝ պատասխանատվության և քաղաքակրթական գրեթե զրոյական ցուցանիշներով։
 
Հայկական «պետական մտածողության» երկնակամարում մինչև վերջերս վառ էր օվկանիոսի մյուս կողմից հնչող «բարոյա-էթիկական քարոզը»։ Հայկական օջախները, ուսուցչանոցները, բակերը, խոհանոցները լեցուն էին դրանով։ «Քարոզչի»՝ սրա-նրա «տուն մտնելու» սպառնալիք-ուղերձները մեր ազգային դեֆոլտի ամփոփումն էին։
 
Բայց նույնիսկ սա չէ ամենավտանգավորը. եթե հետադարձ հայացքով նայենք, թե խորհրդարանական խմբակցություններում 20-25 տարի շարունակ ինչ տոկոս էին կազմում ոչ տառաճանաչները, ինքնուրույն անգամ մեկ նախադասություն ձևակերպելու անունակները, տասնամյակներով որևէ միտք չձևակերպածները, թե քանի´ կիսագրագետ, կրիմինալ նախարար, մարզպետ ու քաղաքապետ ենք ունեցել, ապա էլ ինչի՞ վրա զարմանանք։
Հայաստանում պաշտոններն ընկալվել են որպես փող աշխատելու, իսկ այնուհետև՝ մի կողմ քաշվելու տրամպլին։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է պաշտոնաթողությունից հետո անմիջապես լքել Հայաստանը, քանի՞ նախարար ու անգամ՝ նախագահ։

Չէ՞ որ սա խոպան չի, սա մեր պետությունն է, որը զարմանալիորեն անտեր տարածքի ընկալում ստացավ։
 
2018-ի իրադարձությունների ժամանակ ասել եմ, որ շատ վտանգավոր է 10 հազար դրամով քվեարկողների հեղափոխությունը։ 10հազար դրամով քվեարկելն ու Նիկոլին աստվածացնելը մտքի բացակայության տարբեր դրսևորումներն են։ Իսկ ի՞նչ ենք արել մենք՝ ավելի լավ հասարակություն և ավելի լավ քաղաքացի ունենալու համար։ Ոչինչ։ Մեր անմտությունը հանգեցրեց նրան, որ սխալ հասկացվեց, թե ինչի մասին է մեր պետությունն ընդհանրապես։
 
Հիմա, երբ տեսանելի ոչ մի լավ սցենար չկա, իսկ աշխարհն այնպիսին է, որ այսօր թույլատրված են քաղաքների և գյուղերի ռմբակոծությունը, ոչնչացումը, բռնի տեղահանություններն և ցեղասպանությունը, մեզ համար միտքը դառնում է ամենակարևոր գործոնը, որը կարող է փրկության ելքեր ձևակերպել։
 
Նիկոլից ազատվելու պրոցեսը և հետնիկոլական շրջանն ունի լուրջ ռիսկեր։ Հայաստանի հետպատերազմյան վերականգնումն ընդհանրապես պահանջում է լուրջ ինտելեկտ, լուրջ աշխարհայացք, ժամանակի և հնարավորությունների ճիշտ ընկալում, աշխարհի հետ խոսելու ճիշտ լեզու։ Եվ, իհարկե, ազնվություն։

Այսօրվա վիճակը, երբ պետական մտածողությամբ փոքր շերտն ապրում է իր կյանքով (հուսահատության շեմին), փող ունեցողները՝ իրենց կյանքով, և լայն զանգվածները՝ իրենց, շատ դժվար է լինելու ապագան։ Առաջիկա լիդերության կարևորագույն անելիքը պետական մտքի, ազգային կապիտալի և ինստիտուտների ներդաշնակությունը ստանալն է։

Մնում է հասկանալ՝ իսկ արդյոք լիդերության հայտ ներկայացնողները սա հասկանո՞ւմ են։ Արդյոք, գոնե այսքանից հետո, մեր երկրում ամենաթանկը մի՞տքը կլինի, թե՞  կլինի ինչպես սովորաբար։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


 

Լուսանկարը` Lenta.ru
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը