25.11.2024
Կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանին վերջ տալ Ղարաբաղի դեմ սպառնալիքներին
prev Նախորդ նորություն

Foreign Policy. Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ մրցակցությունը նորից աճում է

 Անցած մի քանի տարիները կարելի է բնութագրել ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մրցակցության աճով։ ՀԻմնականում ուշադրության կենտրոնում են եղել ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետելու, տրանսատլանտյան վճռականությունը թուլացնելու ու իր հարեւաններին ահաբեկելու նպատակով Ռուսաստանի ձեռնարկած շարունակական ջանքերը։


Իսկ ահա Մերձավոր արեւելքի նկատմամբ հայտ ներկայացնելու՝ Ռուսաստանի ձգտումն ավելի քիչ ուշադրության է արժանացել։ Չնայած այս հարցը վերջին օրերին շեշտվում է Մերձավոր արեւելքի երկրների պաշտոնյաների ու քաղաքագետների հետ գրեթե բոլոր քննարկումներում։ Հիմա իրադրությունը շատ տարբերվում է երկու տարի առաջվանից, երբ Ռուսաստանը մի քիչ հետ էր մնում՝ Մերձավոր արեւելքում ԱՄՆ-ի գործունեության պատճառով, հայտնում է Foreign Policy–ն։


Ռուսաստանը ուզում է Մերձավոր արեւելքը վերաձևել ըստ իր հայեցողության՝ քայքայելով այնտեղ ամերիկյան ազդեցությունը ու հաստատելով ռուսականը։ Եվ իրականում Մերձավոր արեւելքում Ռուսաստանի ռազմավարությունը չի տարբերվում Եվրոպայում ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն քայքայելու նրա մոտեցումից։


ԱՄՆ-ին Ռուսաստանի ռազմավարությունը պետք է մտահոգի, քանի որ Ռուսաստանը ձգտում է զրոյացնել Մերձավոր արեւելքի երկրների՝ այդ թվում Թուրքիայի, Եգիպտոսի ու Իսրայելի հետ հարաբերություններ հարթելու՝ ԱՄՆ-ի երկարամյա ջանքերը։


Մերձավորարեւելյան երկրներից թերեւս Թուրքիայի հետ է Ռուսաստանի ամենաբուռն հարաբերությունները։ 2015-ին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններում շրջադարձ կատարվեց, երբ Թուրքիան խոցեց ռուսական օդանավը։ Դրա հետեւանքով երկկողմանի կապերը սառեցվեցին։


Բայց հիասթափվելով սիրիական հակամարտությանը վաշինգտոնյան մոտեցումից՝ 2016-ի ամռանը Սանկտ Պետերբուրգում նախագահներ Էրդողանն ու Պուտինը հանդիպեցին ու սկսեցին համագործակցել Սիրիայի հարցով՝ հաճախ շրջանցելով ԱՄՆ-ին։ Նրանք վերջերս միջնորդել են Ասադի վարչակազմի ու ընդդիմադիրների բանակցությունները, որոնցում ԱՄՆ-ն ոչ մի դերակատարում չուներ։


Հաջորդ երկիրը, որտեղ Ռուսաստանը փորձում է վիճարկել ԱՄՆ ազդեցությունը, Եգիպտոսն է։ 2014-ին Եգիպտոսն ու Ռուսաստանը ստորագրել են զենքի մատակարարման մասին պայմանագիր՝ առաջինը սառը պատերազմի ավարտից հետո, իսկ երկու նախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում։


Իսրայելում նույնպես ռուսները սկսում են ազդեցություն ձեռք բերել, չնայած անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակում են առաջնային մնալ իսրայելացիների համար։ Նեթանյահուն անցած երկու տարիներին երեք անգամ այցելել է Մոսկվա, Պուտինը նաեւ փորձել է միջամտել իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացին ու կազմակերպել Նեթանյահուի ու Աբբասի հանդիպումը։


Մերձավոր արևելքում Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար՝ Ամերիկայի ու Թրամփի վարչակազմը մի քանի կարևոր բան պետք է անի՝ նախ վերլուծի ու հասկանա այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկել է Պուտինը 2012-ին նախագահ վերընտրվելուց հետո:


Երկրորդ, ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություններ գտնի այն հարցերում, որտեղ շահերը համընկնում են։ Տարածաշրջանում նման համագործակցության լավագույն օրինակներից էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքնված համաձայնագիրը։ Գաղտնիք չէ, որ Մերձավոր արեւելքը կարող է քաղաքական քաոս լինել ու բեռը մյուս արտաքին ուժերի՝ օրինակ Ռուսաստանի հետ կիսելը իհարկե չի թեթեւացնի ԱՄՆ ծանրաբեռնվածությունը քաղաքական ֆինանսական ու ռազմական առումներով։ Սակայն շատ օրինակներ կան, երբ Ռուսաստանը ակտիվ համագործակցում է Մերձավոր արեւելքի իր գործընկերների հետ՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար։ Եվ այդ խնդիրների լուծումը ու Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պոտենցիալ ոլորտների վերլուծությունն էլ հենց երրորդ կարեւոր բանն է, որ պետք է անեն ամերիկյան քաղաքական գործիչները։