Հայ ազգը մեռա՛ծ չէ, որ ունենա վերջին Սպարապետ
Անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներից տեղեկացա, որ Վազգեն Սպարապետի մասին գեղարվեստական ֆիլմ են նկարել և արդեն տեղի է ունեցել այդ ֆիլմի պրեմիերան։
Լուրն, ինչ խոսք, ինձ համար ոգևորիչ էր (թեպետ՝ Արցախն ամբողջությամբ թշնամի Ադրբեջանին հանձնված և Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված լինելուց հետո ոչ մի ոգևորիչ բան չկա), քանզի հայոց հայրենիքի և հայ ազգի պաշտպանությանը մասնակցած անձնազոհ հերոսների մասին ֆիլմ/եր նկարահանելը, միանշանակ, հայ ազգի, և, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում հայրենասիրական շատ անհրաժեշտ քարոզչություն է, բայց․․․
Բայց ոգևորությունս կարճ տևեց, երբ կարդացի այդ ֆիլմի պաշտոնական վերնագիրը․ «Վազգեն․ Վերջին Սպարապետը»։ Ո՞նց, ո՞նց թե վերջին Սպարապետը։ Ուզում եք ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո հայ ազգն այլևս չի ունենալու կամ չի կարո՞ղ ունենալ Հայոց Սպարապետ։
Ֆիլմի տնօրենությո՛ւն (ֆիլմի պատվիրատու և հովանավոր, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ․․․), հասկանո՞ւմ ես, որ վերջին Սպարապետ կարող են ունենալ միայն մեռած ազգերը, իսկ հայ ազգը մեռած չի և չի կարող մեռնել, որովհետև հայ ազգը հավերժ է, ու սա նշանակում է, որ հայ մայրը Վազգեն Սպարապետից հետո էլ ծնել է և միշտ ծնելու է Սպարապետներ։ Դուք կարող էիք այդ կարևոր ֆիլմի վերնագիրը դնել «Վազգեն․ Հայոց Սպարապետը», բայց ո՛չ երբեք «․․․Վերջին Սպարապետը», և սա, ցավոք սրտի, նշանակում է, որ Հայաստանի ու հայ ազգի թշնամիների կողմից պատվիրված ֆիլմի վերնագիր է, որպեսզի այդ վերնագրի միջոցով մեր Սուրբ Հայրենիքի թշնամիները ցույց տան, որ Վազգեն Սպարապետին սպանելուց հետո Հայ ազգն այլևս գոյություն չունի։
Զգուշացում․ այդ ֆիլմի տնօրենությունը, թեկուզ ուշացումով, եթե հենց այս պահից չփոխի այդ ֆիլմի հակահայկական վերնագիրն ուրիշ վերնագրով, ապա ենթարկվելու է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դաժան պատժի՝ Հայաստանի և հայ ազգի դեմ հակահայկական քարոզչություն իրականացնելու համար, և, ընդհանրապես, արգելվելու է նման վերնագրով այդ ֆիլմի ցուցադրությունը։ Վե՛րջ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյան