ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված նրա՝ Գյումրիում արված վերջին հայտարարությունների հետ:
«Երկրի հերն անիծել է, Արցախը տվել է Ադրբեջանին, կադաստրի վկայականը կորցրել է, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, ի՞նչն է հետ բերելու», — հայտարարել է Շարմազանովը լրագրողներին՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա ելույթը:
Անդրադառնալով վարչապետի այն պնդմանը, որ նա «ժողովրդի իշխանության տեղապահն է», Շարմազանովն արտահայտել է այլ կարծիք. «Ինքը պետության պահապանն է, բայց Ադրբեջան ու Թուրքիա պետության տեղապահն է այստեղ: Երբ ասում է՝ ես ժողովրդի իշխանության տեղապահն եմ, ինքը Էրդողանի և Ալիևի իշխանության տեղապահն է ՀՀ-ում»:
Շարմազանովի խոսքերով, ՀՀ որևէ ղեկավար երբեք կասկածի տակ չի դրել Անկախության հռչակագիրը, երբեք կասկածի տակ չի դրել Արցախի ինքնորոշման իրավունքը, երբեք չի հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, երբեք չի ասել, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, երբեք կասկածի տակ չի դրել Արարատի կապը հայ ժողովրդի հետ, երբեք հարցականի տակ չի դրել Ցեղասպանության միջազգային ճանաչումը:
«Նիկոլ Փաշինյանը անկախության հետ այնքան կապ ունի, որքան Ալիևը մարդասիրության հետ, սա է խնդիրը», — ավելացրել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Գյումրիում, հայտարարել էր ժողովրդին զեկուցելու անհրաժեշտության մասին, թե ինչ է արդեն վերադարձվել պետությանը: Վարչապետը ընդգծել էր, որ կառավարությունը հետևողականորեն աշխատում է ապօրինի յուրացված ակտիվների վերադարձման ուղղությամբ:
«Էս վերջերս ես իմ ֆեյսբուքյան էջում հրապարակել էի, որ 2010 թվականի արտադրության Ռենջ Ռովեր է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլ, թե՝ սրանով ժողովրդին են խաբում, ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է: Եթե էդպես ձեզ դուր չի գալիս, ուրեմն Ռենջ Ռովեր առ Ռենջ Ռովեր ենք վերադարձնելու, Բրաբուս առ Բրաբուս, «Յաշիկ առ Յաշիկ»», — ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով Գյումրու արտահերթ ընտրություններին, վարչապետը նշել է, որ դրանք անցկացվում են, քանի որ կոռուպցիոն բացահայտումներից հետո քաղաքի ավագանին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը:
«Նրանք, ովքեր արդեն ներկայացվել են Գյումրու ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունն ունի ընդամենը մեկ համատեքստ, նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքը պահպանելու վերջին կռվին ու ճակատամարտին», — ընդգծել է Փաշինյանը: