Փաշինյանի խոսքերը հակասություններ են առաջացրել նախկին նախագահների շրջապատում. Բաղդասարյան
Լուսանկարը` primeminister.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գյումրիում արած հայտարարությունները լուրջ ջղաձգումներ են առաջացրել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներում և նրանց հետ կապված շրջանակներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը, որը մինչ վերջերս հանդիսանում էր Փաշինյանի մամուլի խոսնակը:
«Սա ևս մեկ անգամ գալիս է վերահաստատելու, որ ընդդիմադիրների խմբակը Գյումրիի ընտրապայքարը դիտում է որպես միակ և վերջին միջոց, որով կարող են պահել ժողովրդից թալանված և յուրացվածը», — նշել է Բաղդասարյանը:
Մամուլի քարտուղարի խոսքերով, վարչապետի հայտարարությունը դարձել է շատերի ինքնախոստովանության և ինքնալուստրացիայի պատճառ: «Ժողովրդի հաշվին հարստացածների հիսթերիան վկայում է այն մասին, որ Հայաստանում ներդրված իրավական համակարգերը ճշգրիտ կերպով աշխատում են, և օրինական ճանապարհով ամեն բան #հատիկառհատիկ վերադարձվելու է», — ընդգծել է նա:
Ավելի վաղ վարչապետն անդրադարձել էր քաղաքական որոշ շրջանակների բանավեճին, թե ով է իրեն բերել իշխանության: Վերջին օրերին Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերը ակտիվորեն բանավիճում են այս հարցի շուրջ: Խորացող բանավեճը ցույց է տալիս երկու նախկին նախագահների և նրանց կողմնակիցների միջև եղած խորը տարաձայնությունները, որոնք այլևս չեն թաքցվում, այլ հրապարակայնացվում են: