Բաքուն հայ գերիների նկատմամբ օգտագործում է արգելված միջոցներ․ Փաշինյան
Մենք հստակ գնահատական ենք տվել. Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ես ասել եմ, որ մենք ունենք ինֆորմացիա, և այդ ինֆորմացիան արդեն երևում է ակնհայտ, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ, նաև Հայաստանի Կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականով, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը այդ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էլի ասում եմ, որ, տեսեք, միշտ նման իրավիճակներում, երբ խոսքը գերիների, պատանդների, այլ պահվող անձանց մասին է, բնականաբար, հարց է հնչում՝ ի՞նչ է անում մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է, և ուզում եմ ընդգծել, որ մեր դիվանագիտությունն առաջնորդվում է առաջին հերթին չվնասելու սկզբունքով: Բնական հարց է ծագում՝ որտե՞ղ են այդ դիվանագիտական ջանքերը, ինչո՞ւ չեն երևում դրանք, ես, ի պատասխան այդ հարցի, միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ մեր գերեվարված 32 հայրենակիցները վերադարձան ՀՀ և մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը մենք երբեք չենք ասել կամ որևէ մանրամասն չենք բացահայտել, այդ թվում՝ այն պատճառով, որ համոզված ենք եղել, որ նման մանրամասների բացահայտումը կզրոյացնի նախկինում գործադրված ջանքերը և դրանց արդյունավետ լինելու հավանականությունը:
Մեր գնահատականը հստակ է, որ արգելված միջոցներով, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներով, մեր ունեցած որոշ տեղեկություններով՝ այլ արգելված միջոցներով տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա, բնականաբար, անընդունելի է մեզ համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: