ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և խոսքով է հանդես եկել «Ազատություն առցանց կոալիցիայի» «Միացրեք համացանցը. համացանցի անջատումների ազդեցությունը» խորագրով բարձրաստիճան միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը, ինչը ստեղծում է նոր մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են ոչ ավանդական լուծումներ և միջազգային սերտ համագործակցություն:
Նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության բարձր ցուցանիշներին և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում թվային տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները: Այս համատեքստում առանձնանշվել է Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Էստոնիայի կողմից նախաձեռնված համատեղ հայտարարությունը՝ թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետությունը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային» 2024 թ. դեկտեմբերի 3-ին: