Իսլանդիան աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումներին. Իսլանդիայի արտգործնախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնման, տարբեր ձևաչափերով և հարթակներում Հայաստանի և Իսլանդիայի միջև փոխգործակցության հեռանկարները, նորդիկ-բալթյան երկրների հետ ՀՀ համագործակցության խորացման ակտիվ դինամիկան, Հ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ կարևորելով Իսլանդիայի՝ որպես ԵՄ-ի մերձավոր գործընկերոջ հետ փորձի փոխանակումն ու կոնկրետ ուղղություններով կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային զարգացումները։
Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հարգման և միավորող արժեքային համակարգի հիման վրա փոխգործակցության կարևորությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը։
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ արդյունավետ քննարկում ունեցա երկկողմ հարաբերությունների, եվրոպական համագործակցության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքների պահպանման կարևորության վերաբերյալ։ Իսլանդիան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի եվրոպական ձգտումները և ողջունում է համագործակցության խորացումը», - X-ի իր միկրոբլոգում գրել է Իսլանդիայի արտգործնախարարը: