5.08.2025
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
prev Նախորդ նորություն

Առևտրի զարգացումը համապատասխան ենթակառուցվածքների ապահովում է պահանջում. ԻԻՀ դեսպան

Հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ եւ հարգանքով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որին մասնակցել է նաեւ հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը:


Վահե Ղալումյանը նշել է, որ երկու երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական եւ մշակութային երկխոսության լավագույն օրինակ են:


Դեսպանը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերություններն ունեն պատմականորեն վաղեմի անցյալ եւ առկա է մեծ ներուժ համագործակցությունը զարգացնելու համար: Նա ընդգծել է քաղաքական կամքի առկայության հանգամանքը, ինչը հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման համար:


Մեհդի Սոբհանին տեղեկացրել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության նկատելի զարգացում է արձանագրվել տնտեսական ոլորտում: Մասնավորապես, նշվել է, որ 2024 թվականին երկու երկրների միջեւ առեւտրի ծավալը կազմել է 755 մլն դոլար: Ներկայում իրանական ընկերությունները Հայաստանում 460 մլն դոլար արժողությամբ նախագծեր են իրականացնում: Դեսպանն անդրադարձել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներին, որոնք նույնպես իրականացվում են իրանական ընկերության կողմից:


«Եթե ցանկանում ենք զարգացնել առեւտուրը, ապա պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ապահովենք»,- նշել է դեսպանը` խոսելով հեռանկարային ծրագրերի եւ փոխհամագործակցության մասին:


Վահե Ղալումյանը, կարեւորելով Իրանի հետ համագործակցության խորացումը, նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մինչ օրս մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: «Մենք բարձր ենք գնահատում Իրանի ղեկավարության քանիցս արտահայտած դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության վերաբերյալ»,- ասել է հանձնաժողովի նախագահը: Նա խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին` կարեւորելով Իրանի օժանդակությունն այդ հարցում:


Վահե Ղալումյանն ընդգծել է խորհրդարանական համագործակցության դերակատարությունը` ի նպաստ երկու երկրների փոխհամագործակցության:


Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել ցանկացած նախաձեռնության իրականացման համար` ի նպաստ երկու բարեկամ պետությունների բարգավաճման ու տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովման:

Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են ուսումնական վարժանքին
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի