Բակո Սահակյան. «Իսկանդեր»-ները ապահովում են Արցախի անվտանգությունը
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում: Այս մասին Gazeta-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Նման զենքի ներկայությունը միանշանակ կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Դրա պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»,- ասել է նա, ում խոսքերը թարգմանաբար ներկայացնում է 1in.am-ը:
Անդրադառնալով արցախյան հակամարտությունում Ռուսաստանի դերակատարմանը՝ Բակո Սահակյանը նշել է, որ այս երկիրը կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության պաշտպանության հարցում»:
«Հենց Ռուսաստանի ջանքերի և ուղղակի մասնակցության շնորհիվ է 1994 թվականին խաղաղություն հաստատվել և ստորագրվել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ պայմանագիր: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանը ակտիվ մասնակցում է բանակցային գործընթացում և ինչպես մյուս համանախագահ երկրները՝ հավատարիմ է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական մոտեցմանը»,- ասել է Արցախի նախագահը:
Բակո Սահակյանի կարծիքով՝ Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է, քանի որ այս հարցը պարզապես այլընտարնք չունի
«Ես և իմ ողջ ժողովուրդը ոչ միայն հիշում ենք հակամարտության սկիզբը, այլև մինչ օրս ապրում ենք մի իրադրությունում, երբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սակայն ես այդուհանդերձ վստահ եմ, որ ժողովուրդների միջև խաղաղություն հնարավոր է: Այս հարցն այլընտրանք չունի»,- հայտարարել է Արցախի նախագահը:
Սահակյանն ընդգծել է, որ արցախյան կողմը հանդես չի գալիս ագրեսիվ, շովինիստական և ազգայնական հայտարարություններով: «Պաշտոնական Բաքուն, ցավոք, ամբողջությամբ հակառակն է անում: Հենց Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական դիրքորոշումն է հանդիսանում ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին առկա միակ խոչընդոտը»,- ասել է Բակո Սահակյանը: