21.02.2025
Լուսանկարը՝ src.am
prev Նախորդ նորություն

Մարտի 30-ին Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են

Լուսանկարը՝ elections.am
Լուսանկարը՝ elections.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 20-ի հերթական նիստում նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը․ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։


Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։


Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչեւ 18։00-ն։


Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոհեռարձակում իրականացնող մասնավոր հեռուստաընկերությունները և ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքն իրենց եթերով պետք է հրապարակեն
մինչեւ փետրվարի 25-ը ներառյալ։


Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 5-ից մինչեւ մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:


Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է
մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։


Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին տրամադրվող՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչեւ մարտի 2-ը։ Նշված արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև կբաշխվի մարտի 11-ին՝ գրանցված կուսակցությունների և դաշինքների հայտերի հիման վրա, վիճակահանությամբ։


Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։


Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կապված բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից՝ մարտի 30-ից։


Կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվում են մինչեւ մարտի 15-ը, դրանք ոչ ուշ քան եռօրյա ժամկետում պետք է հրապարակվեն ԿԸՀ կայքում։


«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, 70 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանու ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կազմակերպում է նախընտրական բանավեճեր՝ ապահովելով մասնակցության հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Նախընտրական բանավեճերի թեման, ձևաչափը և կանոնները որոշում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Նախընտրական բանավեճերը հեռարձակվում են ուղիղ եթերով։ Նախընտրական բանավեճի տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 90 րոպե:


Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: