Կառավարությունն աջակցում է մետաղամշակման ներդրումային ծրագրին
Լուսանկարը` primeminister.am
«ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» ընկերությունը ստացել է սարքավորումների ներմուծման մաքսատուրքերից ազատում՝ գերակա ներդրումային ծրագրի շրջանակներում։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության փետրվարի 20-ի նիստում։
Ներդրումային ծրագիրը նախատեսում է 410 միլիոն դրամի ներդրում մետաղամշակման սարքավորումների ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ 2017 թվականին հիմնադրված ընկերության բազայի վրա։ Մաքսատուրքերից ազատված ներմուծվող սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 394,4 միլիոն դրամ, իսկ մաքսային արտոնությունների գումարը գնահատվում է 20 միլիոն դրամ։
Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 303 մարդ՝ 540 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 330-ի, ընդ որում միջին աշխատավարձը կբարձրանա մինչև 570 հազար դրամի։