ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է մի որոշակի վերահսկողության ենթարկվի
ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանից և Արման Եղոյանից հետաքրքրվեց՝ եթե ադրբեջանական բեռները մուտք գործեն ՀՀ, ՀՀ-ի համար սկզբունքային կլինի,՞ որ բեռները ստուգում անցնեն ՀՀ մաքսային ծառայողների կողմից:
Նախ Հովհաննիսյանը նշեց, որ նման թեմաների չի պատասխանի, քանի որ բանակցություններ են ընթանում, պայմանավորվածություններ ձեռք բերվելու դեպքում այդ մասին հանրությունը կտեղեկանա:
Ապա Եղոյանը պատասխանեց. «ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է մի որոշակի, եթե չասենք ստուգում, բայց վերահսկողության պետք է ենթարկվի: ՀՀ-ն պետք է իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»:
Հովհաննիսյանը հավելեց, որ չի կարող ՀՀ տարածքով անցնել բեռ, որի պարունակության, բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինները չիմանան:
«Թե ինչ տեխնիկական միջոցներով կարվի դա, ՀՀ իրավասու մարմինն է իրականացնելու և որ մարմինն է իրականացնելու՝ այս պահին քննարկվում է։ Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են»,-ասաց պատգամավորը։