Չինաստանն առաջարկել է կազմակերպել Պուտին-Թրամփ հանդիպումը. WSJ
Չինացի պաշտոնյաներն առաջարկ են ուղարկել ԱՄՆ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն իրենց տարածքում անցկացնելու վերաբերյալ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Պեկինի և Վաշինգտոնի աղբյուրներին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը հանդիպմանը չի սպասվում։
Հանդիպման կազմակերպումից բացի, Պեկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր հրադադարից հետո նպաստել խաղաղապահ ջանքերին։ Առաջարկում, մասնավորապես, նշվում է Չինաստանի երաշխավորի դերը և խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը։
Չինաստանը միջնորդական առաքելությամբ շահագրգռված է՝ Թրամփի հետ մաքսային տուրքերի թեմայի շուրջ կապ հաստատելու համար, բացատրում է WSJ-ը։ Ըստ թերթի աղբյուրների՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը չի ցանկանում, որ հակամարտության կարգավորման հարցում որևէ օգնություն սպառնալիք դառնա Մոսկվայի և Պեկինի սերտ հարաբերությունների համար։ Չինաստանի նախաձեռնությունը չի ներառում Մոսկվային տնտեսական աջակցությունը նվազեցնելու որևէ պարտավորություն։
Նախօրեին՝ փետրվարի 12-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Թրամփի միջև։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են անձնական հանդիպում կազմակերպել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտիnn ԱՄՆ նախագահին հրավիրել է Մոսկվա։ Թրամփը, խոսելով հնարավոր հանդիպման մասին, նշել է, որ այն տեղի կունենա «ոչ հեռու ապագայում»։
«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,-զրույցի մասին ասել է Թրամփը։