30.01.2025
Այսօր հրամայական է մեր բանակի առավել հզորացումը․ Գարեգին Բ
prev Նախորդ նորություն

Բարեփոխման անվան տակ ՀՀ կառավարիչներն տարակուսելի գործընթաց են սկսել. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:


Ուղերձում ասվում է. «Այսօր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրը, երախտագիտությամբ հիշենք և արժանին մատուցենք հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր: Նրանք իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով, անասելի դժվարություններ հաղթահարելով, պատերազմում փառավոր հաղթանակներ կերտելով՝ կայացրին մեր անկախ պետականության պատվարներից մեկը՝ Հայոց բանակը:


Փա´ռք և պատի´վ նրանց:


Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է:


Ոչ հեռու անցյալում ես խոսել եմ այս գործում հաջողության հասնելու համար մի քանի պարզ ճշմարտություններ (bit.ly/4hwkknJ) ազգովին արձանագրելու և ընդունելու մասին, որոնք այսօր էլ արդիական են:


Երբ խոսում ենք բանակի դերի և նշանակության մասին, պետք է չմոռանանք, որ այն կոչված է ոչ միայն մեր պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, այլև պաշտպանելու աստվածատուր մեր ազգային ինքնության կարևոր հիմնասյուները՝ մեր հավատքն ու լեզուն, մեր մշակույթը, մեր ընտանիքը:


Դա լավագույնս գիտակցող թշնամին և մեր երկրի ներսում նրան անթաքույց սպասարկողները հենց այդ պատճառով առաջին հարվածն ուղղեցին Հայոց բանակի դեմ՝ սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով:


Բնականաբար, ցանկացած բանակ տարիների ընթացքում պետք է բարեփոխվի և արդիականացվի, ինչը կազմավորումից հետո, որպես առաջնահերթություն, մշտապես եղել է հայկական բանակի գործունեության հիմքում: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:


Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին»:


 


 


 

Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների