29.01.2025
Իրանական հատուկջոկատայիններն ու Ադրբեջանի բանակը համատեղ զորավարժություններ են սկսել
prev Նախորդ նորություն

Հայաստանն աջակցում է Սիրիայում համերաշխության մթնոլորտ ստեղծելու ջանքերին

Լուսանկար` mfa.am
Լուսանկար` mfa.am

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳ նախարարի տեղակալը փոխանցել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները սիրիական կողմի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:


Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու հումանիտար և բարեփոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:


Երկուստեք շեշտվել են Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա պատմական ամուր կապերը: Այս համատեքստում աջակցություն է հայտնվել Սիրիայում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և ներառականությանն ուղղված ջանքերին:


2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Նոյեմբերի 27-ին ընդդիմադիր ուժերի արագ առաջխաղացումից հետո երկրի մայրաքաղաք Դամասկոսը գրավվեց դեկտեմբերի 8-ին։ Նախագահ Բաշար Ասադը լքեց երկիրը և, ըստ հաղորդումների, ապաստան գտավ Մոսկվայում։


Ասադի ռեժիմի տապալումից հետո իշխանությունը Սիրիայում անցավ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորմանը, որը նախկինում կապված էր «Ալ-Քաիդայի» հետ։ Նոր իշխանությունները հայտարարում են անցյալի հետ կապերը խզելու և ավելի չափավոր ու գործնական կառավարում հաստատելու մտադրության մասին։ Այնուամենայնիվ, Ասադի ռեժիմի նախկին պաշտոնյաների նկատմամբ դաժան հաշվեհարդարների մասին հաղորդումները մտահոգություն են առաջացնում նոր իշխանությունների մեթոդների վերաբերյալ։

 Լուսանկարը` Euarsianet.org
27.01.2025
Ադրբեջանը խորացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ սիրիական ուղղությամբ