Հայաստանի բոլոր ճանապարհները վերահսկելու է բացառապես հայկական կողմը. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող բոլոր ճանապարհները գտնվելու են բացառապես հայկական պետության վերահսկողության ներքո։
Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան «որոշ ընդդիմադիր գործիչների» առաջարկների՝ երրորդ կողմի վերահսկողությամբ Սյունիքով Ադրբեջանին տրանսպորտային միջանցք տրամադրելու վերաբերյալ։
«Ալիևի հայտարարություններից ոգևորված՝ «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են երրորդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այսկերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի մասին։ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի կամ որևէ կողմի վերահսկողությամբ ճանապարհի մասին քննարկում անգամ չի կարող լինել, Հայաստանում ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից», - ընդգծել է Չախոյանը Facebook-ի իր էջում։