25.11.2024
Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը այլընտրանք չունի
prev Նախորդ նորություն

«Ես չեմ վախենում». Օհանյանն իր դեմ քրգործ հարուցելու լուրերի մասին

«Ես ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն»:

Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե իր դեմ քրեական գործեր կհարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված: Օհանյանի խոսքով՝ իրեն թիրախավորել են, որովհետև միակ ուժն են, որը գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ կարող են գտնել ինչ-որ մի բան, որի շրջանակներում կարող են իր դեմ քրեական գործ հարուցել, Սեյրան Օհանյանն արձագանքել է, թե չգիտի իրենք ինչ են փնտրում. «Նույն այն աշխատատեղում, որտեղ որ ես երկար տարիներ իմ ծառայությունը տարել եմ, փնտրողներից մեկը ես եմ եղել և ամենաշատ փնտրողը ես եմ եղել և ամենաշատը ես եմ բացահայտել: Գոյություն ունի քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ հասկացությունը, որի մի մասը իրականացրել է պաշտպանության նախարարի ենթակա վերահսկողական ծառայությունները՝ վերահսկիչ վարչությունը, Ռազմական ոստիկանությունը, ներքին աուդիտի վարչությունը, և հիմնականում իմ գործունեության մի մասը ես նվիրել եմ հենց կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավոր է, որ այդ հրապարակումները զսպող դեր ունենալ իր , թե գնալու է մինչև վերջ, Օհանյանը զարմանքով արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում՝ գնալ մինչև վերջ: Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք»:

Հիշեցնենք, օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Օրաթերթը հիշեցնում էր, որ սույն գործի հետագա քննության ընթացքում հրապարակումներ եղան, թե դրա հետեւում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում եւ քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են՝ չխնայել նրան եւ այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին: Մեր աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչեւ պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել: Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջեւ կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է եւ առողջական խնդիրներ ունի եւ առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»: