VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 18-ին ԱԺ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ Յուրի Վորոբյովի նախագահությամբ Դիլիջանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը: Առաջին հայացքից սա հերթական պաշտոնական միջոցառումը կարող է թվալ, կամ աշխարհաքաղաքական իմաստով՝ ռուսների հետ հարաբերությունները վերականգնելու ջանքեր: Բայց, արի ու տես, որ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս նիստը սկանդալով է ուղեկցվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Դիլիջանում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին նախատեսված է եղել ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորների մասնակցությունը, սակայն ռուս պատգամավորները հրաժարվել են գալ Հայաստան, եւ նրանց մերժումը պատճառաբանվել է Հայաստանի կողմից վավերացված Հռոմի ստատուտով:
«Ժողովուրդ» օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները մտավախություն են ունեցել, որ իրենց այցը Հայաստան կարող է անկանխատեսելի ելք ունենալ, ընդհուպ՝ ձերբակալության տեսքով: Ըստ այդմ, ռուս գործընկերները ՔՊ-ականներին փոխանցել են, որ ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմն իրենց հերթին երաշխիքներ չեն տվել ռուս պատգամավորներին, որ Հռոմի ստատուտի պահանջները իրենց դեպքում չեն գործի և իրենք չեն ձերբակալվի: Արդյունքում՝ միջխորհրդարանական այս հանձնաժողովի նիստը անցել է առանց Պետդումայի պատգամավորների: Միայն ՌԴ Դաշնային ժողովի ներկայացուցիչներն են ներկա եղել եւ հայկական կողմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանից մեկնաբանություններ ստանալ այս առիթով, բայց չհաջողվեց՝ ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ հեռախոսազանգի միջոցով»:
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ, որ հանդգնել է գետնով տալ մեծն Փաշինյանի հակաօրինական խնդրանքը։ Գոնե հրապարակավ նրանք վերջինիս չեն մոտենում, իսկ երեկ ԱԺ նիստի ընդմիջմանը հաշված ՔՊ-ականներ համարձակվեցին ձեռքով բարեւել նրան՝ մտածելով, որ լրագրողները կֆիքսեն «հանցանքը», եւ Փաշինյանը մի sms էլ իրենց կուղարկի: Աղազարյանին ձեռքով բարեւել են Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, գավառցի Նարեկ Գրիգորյանը։ Մյուսների մեջ, իհարկե, շատ կան Աղազարյանին «բալետ անողներ», բայց՝ ծածուկ: ՔՊ-ից մեզ պատմեցին, որ սորոսական, երբեմնի կապտամազիկ Թագուհի Ղազարյանը խմբակցության վերջին նիստում հարց է բարձրացրել, թե ինչ կարգավիճակով է Հովիկ Աղազարյանը մասնակցում նիստին։
Հիշեցնենք, որ խմբակցության նիստը կայացել է անմիջապես այն բանից հետո, երբ Աղազարյանը հայտարարություն տարածեց, թե մերժում է Փաշինյանի «խնդրանքը»` մանդատը վայր չի դնում: Եվ մազերի գույնը փոխած տիկինը որոշել է Փաշինյանին հավաստել իր հավատարմությունը` նման հարց բարձրացնելով, ինչին, զարմանալիորեն, Հայկ Կոնջորյանն արձագանքել է` խմբակցության անդամի կարգավիճակով։ Սակայն պարզ է, որ «առաջնորդը» շատ վրդովված է, եւ հնարավոր է` առաջիկա օրերին Աղազարյանին հեռացնեն խմբակցությունից, անգամ` կուսակցությունից։
«Հրապարակ» թերթը գրում է. ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարեւոր փաթեթ են ընդունելու։ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռեւս ԱԺ չի ուղարկվել, եւ հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից: Հիշեցնենք․ առաջին ընթերցում անցած նախագծում նշված է․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո` մինչեւ թեկնածուների առաջադրման ժամկետի սկիզբը... մինչեւ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված»։
Ապա ընտրական գործընթացը վերսկսելիս նոր քվեարկություն է կազմակերպվում: Այսինքն՝ իշխանությունը, տեսնելով, որ ընտրական որեւէ փուլում պարտվում է, կարող է ինչ-որ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ նոր քվեարկություն նշանակել։ Մյուս «հրատապ» նախագիծը Գյումրիում ԺՊ նշանակելուն է վերաբերում, ՏԻՄ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Փաշինյանը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում ավարտել իշխանազավթումը եւ քաղաքապետի ԺՊ նշանակել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ Գյումրու ընտրություններում հաղթի:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության երեկվա նիստին, որը վարել է Փաշինյանը, քննարկվել է Գյումրու քաղաքապետի ԺՊ-ի թեկնածուների ցանկը։ Այդ անօրինական փրայմերիզին մասնակցողների թվում է նաեւ Սարիկ Մինասյանը, որն Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի ցուցակով 2018-ին պատգամավոր է դարձել, այժմ սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն է: Որոշ տեղեկություններով՝ նրան առաջադրվել առաջարկել է իշխանությունը, քանի որ նա բավականին բարձր վարկանիշ ունի Գյումրիում: Բայց Աննա Հակոբյանն էլ մեծ ցանկություն ունի իր ազգական Վահագն Մկրտչյանին կարգել քաղաքապետի ԺՊ` հետագայում ընտրվելու հեռանկարով։ Ի դեպ, որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում անցկացված հարցումների արդյունքում մինչ այս պահը իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերի եւ թեկնածուների ռեյտինգները հետեւյալ բաշխվածությունն ունեն՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է առաջին հորիզոնականում, երկրորդը կիսում են ՔՊ-ն եւ ԴՕԿ-ը, երրորդն Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետությունն» է, արմատական ընդդիմությունը դեռ հայտարարություն չի արել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազությունը զբաղված է միայն, այսպես ասած, «նախկինների» ապօրինի գույքի գործերով, սակայն ներկա իշխանությունները, որ բոլորի աչքի առջեւ թռիչքաձեւ հարստանում են, Աննա Վարդապետյանի աչքից վրիպում են: Օրինակ՝ 2023 թվականին քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանը ակնհայտորեն բարելավել է իր եկամուտները։ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության շարքային անդամից 2018 թվականի իշխանափոխությունից-հեղափոխությունից հետո միանգամից փոխվարչապետ դարձավ եւ 2018 թվականին ներկայացրեց իր առաջին հայտարարագիրը: Այդ օրերին Տիգրան Ավինյանը հայտարարագրել է շուրջ 15 հազար ԱՄՆ դոլար եկամուտ, բայց ուներ ընդամենը 600 հազար դրամ եւ 2475 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի ներդրումներն արժեթղթերում կազմում էին 7000 ԱՄՆ դոլար։ Տիգրան Ավինյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ։ 2018 թվականին ներկայացրել է նաեւ տարեկան հայտարարագիր՝ հայտարարագրելով շուրջ 13 միլիոն 771 հազար դրամ։
Համեմատելով այս 6 տարիների ընթացքում ստացած եկամուտները՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են՝ 2018 թվականին առկա 13 մլն դրամից դառնալով 45,5 մլն դրամ։ Համաձայն Տիգրան Ավինյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի Երեւանի այժմյան քաղաքապետն անցած տարի 45.4 մլն դրամ եկամուտ է ունեցել։ Այս եկամուտներից 20 մլն դրամը Երեւանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 14 մլն դրամը ստացել է Երեւանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից։ Մնացած 11.3 մլն դրամը քաղաքապետը ստացել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից։ Բայց անգամ ավտոտնակի վաճառքի մեջ մամուլը կոռուպցիոն ռիսկեր էր տեսել: Ինչպես գրել էր FactorTV-ին, ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ, «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։ Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թվականին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։ Նկատենք, որ 1 Bitcoin-ի արժեքն այս պահին հատել է 95 հազար ԱՄՆ դոլարի շեմը։
Քաղաքապետի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են ինչպես 2022 թվականին՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։ Երեւանի քաղաքապետը հայտարարագրել է իրեն չպատկանող, սակայն իր կողմից 90 օրից ավելի շահագործվող առանձնատունը (թերեւս ուրիշի անունով գրանցված՝ ինչպես «ավանդաբար» արվում է նման դեպքերում)։ Այսպիսով, գրեթե 3,5 անգամ ավելացված եկամուտներ ունի Տիգրան Ավինյանը, որի կուսակցության առաջնորդը օրուգիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից: «Ժողովուրդ» օրաթերթը, այս եւ մամուլում հրապարակված այլ կոռուպցիոն կասկածները հաշվի առնելով, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակից հետաքրքրվեց. «Ավինյանը այս ընթացքում կոռուպցիոն որեւէ գործի շրջանակներում արդյոք հրավիրվե՞լ է իրավապահ որեւէ կառույց, թե՞ ոչ»: Բայց քաղաքապետարանից պատասխանեցին, թե հարցը իրենց տիրույթում չէ, իրավապահներին դիմենք: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազություն, բայց դեռ պատասխան չունենք: Կհրապարակենք` ստանալուն պես»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը, ինչ հուշամեդալի արժանացավ ու ինչ աղմկահարույց գործերով է եղել մեղադրող դատախազ։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնեց՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում), Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի թեկնածությունը: Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Արամ Արամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նշենք, որ դատախազ Արամյանը այս տարվա հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով էր պարգեւատրվել:
Նա առավել հայտնի է իբրեւ աղմկահարույց քրեական գործերով մեղադրող դատախազ: Վերջինս, մասնավորապես, եղել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը բողոքարկած դատախազը:
Արամյանը հայտնի էր՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու, ինչպես նաեւ փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արցախի ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատախազ, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» ու Նորքի բանդայի վարույթով դատախազ, որը «Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալներին որակումներ էր տվել՝ «կենդանի», «վիժվածք» ասելով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբեր ամսվա գործուղումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի համար նվերաշատ են եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան՝ Սուրբ Աթոռ, որի ընթացքում Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից ստացել էր նվեր՝ կավե քանդակ «Քնքշանք եւ սեր» անվամբ։ Քանդակի պատրաստման համար օգտագործվել է էնգոբայի տեխնիկան, որը կավին տալիս է հարթ, կաշվե տեսք, որն այնուհետեւ ամրացվում է մոմապատ պատինայով։ Քանդակը մի կողմից պատկերում է Սրբություն Ֆրանցիսկոս Ասսիզենցուն, ով խաղաղության, մարդկության եւ բնության հանդեպ հարգանքի խորհրդանիշն է, իսկ մյուս կողմից՝ աղտոտվածության, վտանգված աշխարհի պատկերը։ Նվերի՝ ստացողի կողմից գնահատված արժեքը ՀՀ դրամով կազմել է 37 հազար 978 ՀՀ դրամ։
Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանության կողմից նոյեմբերի 22-ին ստացել է նվեր թեյնիկ, բաժակների եւ թեյերի հավաքածու 60 հազար ՀՀ դրամ արժողության։ «Հանրային ծառայության մասին» օրենքով կարգավորվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չպետք է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմանն առնչվող նվերներ ընդունեն կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնեն։ Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանին ՀՀ Գլխավոր դատախազությունը նվիրել է 925 հարգի արծաթյա՝ «Գնոմո» տեսակի ժամացույց, որի քաշը կազմել է 7,23 գրամ, իսկ գոտին բնական կաշվից է։ Ժամացույցն արժեցել է 94 հազար դրամ։
Տեղեկացնենք, որ եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60.000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Բացի դրանից, հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ 40.000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 եւ ավելի) բնույթ կրող դեպքերի։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական իրազեկ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իրեն օրենքից վեր է դասում. նա օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը ու դրա միջոցով շանտաժ է անում իր թիմակիցներին։ ՔՊ-ականներն էլ լուռումունջ աչք են փակում Քոչարյանի ապօրինությունների վրա, չեն համարձակվում նրա դեմ դուրս գալ։
Սկսենք սկզբից. 44-օրյա պատերազմից մեկ ու կես տարի անց՝ 2022 թվականի փետրվարին, ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր պատերազմի հանգամանքների ուսումնասիրությամբ։ Քննիչ հանձնաժողովի ստեղծումից 4 տարի անց, սակայն, ո՛չ դրա զեկույցը կա, ո՛չ էլ անգամ` նշույլ։ Միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է ամեն ամիս հայտարարում, թե զեկույցը պատրաստ է, շուտով կհրապարակվի, բայց այդպես էլ չի հրապարակվում։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է՝ «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, երկու անգամ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով»: Քննիչ հանձնաժողովի գործունեությունը շուրջ երկու անգամ երկարաձգվել է. առաջին անգամ 2022 թվականի սեպտեմբերին՝ 6 ամսով, երկրորդ անգամ 2023 թվականի մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով՝ մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Բայց, արի ու տես, որ Քոչարյանը օրենքից դուրս է իրեն հայտարարել եւ արդեն 2 տարի է մատի փաթաթան է դարձրել հանձնաժողովի զեկույցը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին: Բայց չարեց: Իսկ նոյեմբերի 11-ին էլ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել էր. «Զեկույցը, որպես այդպիսին, պատրաստ է։ Շատ էջեր կան, միայն տեսաձայնագրությունները վերծանելը հսկայական աշխատանք է, որը նույնպես ավարտված է, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն ամբողջությամբ կհրապարակվի», – նշել էր Քոչարյանը:
Բայց զեկույցը մինչ օրս չի հրապարակվել: Եվ, ըստ ՔՊ-ականների, Քոչարյանը շանտաժի է ենթարկում թե՛ ընդդիմադիրներին, թե՛ իր թիմակիցներին։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի մյուս անդամներին` այդ թվում եւ ՔՊ-ական անդամներին, թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին։ Երբ հանձնաժողովների անդամները պահանջում են Անդրանիկ Քոչարյանից հրապարակել զեկույցը, վերջինս արդարանում է, թե զեկույցը դեռ վերջնական չէ, սեւագիր տարբերակով է, սպասում է՝ փորձագետները վերջնական տարբերակը տան իրեն, եւ երբ տան՝ կփոխանցի: Ի դեպ, զեկույցի մի մասը բաց է, որը պետք է հրապարակվի, իսկ մյուս մասը, ասել է, որ փոխանցելու է ԱԺ նախագահին, որ վերջինս որոշի՝ հանրայնացվելո՞ւ է այն թե՞ ոչ, եւ երբ կհրապարակվի։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր չի հրապարակում զեկույցը, պահում է այն, որպեսզի հասկանա՝ ինչ որոշում են ՔՊ-ում իր պաշտոնանկության կապակցությամբ կայացնում: Իսկ քանի դեռ զեկույցը չի հրապարակել, որոշում չեն կայացնի: Կարճ ասած՝ նա զեկույցի շանտաժով երկարաձգում է իր պաշտոնավարումը ԱԺ հանձաժողովում»:
«Հրապարակը» գրում է․ Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։ Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը` եւս։ Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով` ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:
Բայց արել են, որ հերթական անգամ հաճոյանան մեր թշնամիներին, հատկապես` Թուրքիային։ Գուցե խառն է նաեւ Արեւմուտքի «մատը», որն արդեն քանի տարի զբաղված է մեր ուժային կառույցները վերաձեւելու, «բարեփոխումներ» անելու գործով, եւ էկոպարեկների ծառայությունն էլ այդ թելադրանքով ու հովանավորությամբ ստեղծված հերթական կառույցն է:
«Հրապարակը» գրում է․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում երեկ վաղ առավոտից գործադուլ էր,գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները աշխատանքային պայմանների բարելավում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։ Մեզ պատմեցին,որ քաղաքային իշխանությունները նախապես խոստացել են տոմսային միասնական համակարգի գործարկումից եւ հետո բարձրացնել վարորդների աշխատավարձերը, սակայն խոստումը չեն կատարել, իսկ նախկին՝ ստվերային շրջանառությամբ աշխատած վարորդները հույս ունեն, որ համախմբված գործադուլով կարող են հասնել նպատակին, քանի որ քաղաքային իշխնությունը ամեն ինչ կանի հասարակական տրանսպորտի պատճառով բարձրացած հանրային դժգոհությունը բունտի չվերածելու համար: Սակայն իշխանությունը հակաքայլերի անցավ, երեկ տեղում մի քանիսին ազատեցին աշխատանքից` փորձելով բռնել մյուսների վախը եւ վերադարձնել աշխատանքի, սակայն հարցը դրանով չլուծվեց, մի քանիսն ընդամենը վեադարձան, երեկոյան արդեն լուրեր կային,որ իրավապահներն են «դուրս եկել» վարորդների վրա, իսկ իշխանությունը ոտուձեռ ընկած ինչքան համայնքային հիմնարկ ու մարզային կառույց ունեն, հրահանգել են, որ վարորդ ուղարկեն երեւան, որ այսօր ավտոբուսները վարեն եւ քաղաքը կաթվածահար չլինի: