23.11.2024
Թուրքիան լրտեսում է Գյուլենի կողմնակիցներին ամբողջ Եվրոպայում․ Der Spiegel
prev Նախորդ նորություն

PricewaterhouseCoopers. 2050-ին Ռուսաստանը կմնա խոշորագույն տնտեսությունների վարկանիշի 6-րդ տեղում

Հաջորդ 35 տարում համաշխարհային տնտեսության մեջ կշարունակվի վերադասավորումը` Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի արդյունաբերական զարգացած երկրները և Ճապոնիան աստիճանաբար կկորցնեն առաջատարների դերը, նույնիսկ չնայած Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման վերաբերյալ կանխատեսմանը (մոտավորապես 2020-ին): Այդպիսի եզրակացություն է արվում PricewaterhouseCoopers (PwC) «Աշխարհը 2050-ին. Կշարունակվի արդյոք ուժերի վերադասավորումը համաշխարհային տնտեսության մեջ» թեմայով զեկույցում:

Զեկույցում ներկայացված են մինչև 2050թ. ՀՆԱ աճի պոտենցիալ տեմպերի երկարաժամկետ կանխատեսումներն աշխարհի 32 խոշորագույն երկրի մասով, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 84%-ը:

Չինաստանը կմնա վարկանիշի առաջատարը գնողունակության ցուցանիշով. 2050-ին այդ երկրին բաժին կընկնի համաշխարհային ՀՆԱ 20 տոկոսը, կամ $58.5 տրլն: Չինաստանին հաջորդում են Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Ինդոնեզիան և Բրազիլիան: Աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների եռյակում առաջիկա 34 տարում կընդգրկվեն Վիետնամը, Հնդկաստանն ու Բանգլադեշը: ԵՄ խոշորագույն տնտեսությունների թվում ամենաարագ աճողը կլինի Լեհաստանը, ակնկալում են PwC-ի փորձագետները: Brexit-ի անցումային շրջանից հետո Մեծ Բրիտանիան կկարողանա ապահովել ԵՄ միջին ցուցանիշը գերազանցող աճի տեմպեր, գրում է ՌԲԿ-ն:

2050-ին Ռուսաստանը կմնա խոշորագույն տնտեսությունների վարկանիշի 6-րդ տեղում ըստ գնողունակության ցուցանիշի: Շուկայական արժույթի փոխարժեքով խոշորագույն ՀՆԱ-ով երկրների թվում այն 11-րդ հորիզոնականից կտեղափոխվի 10-րդ հորիզոնական:

Զեկույցում նշվում է, որ 2014-2050թթ. համաշխարհային տնտեսության աճի միջին տեմպերը կանխատեսվում են տարեկան մոտ 3 տոկոսի մակարդակով: Արդյունքում 2037-ին համաշխարհային ՀՆԱ-ն կկրկնապատկվի, իսկ 2050 գրեթե կեռապատկվի: Սակայն 2020-ից հետո համաշխարհային տնտեսության աճի տեմպերը հավանաբար կսկսեն դանդաղել 2 գործոնի ազդեցությամբ` Չինաստանի տնտեսական աճի տեմպերի նվազման և աշխատունակ տարիքի բնակչության թվաքանակի աճի տեմպերի դանդաղեցման: