24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց
prev Նախորդ նորություն

Հայաստանից Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով: Աջակցության նպատակն է ստեղծված իրավիճակում բարձրացնել հայկական համայնքի և Սիրիայի ժողովրդի դիմակայունությունը:

Մարդասիրական օգնությունը (շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր) Սիրիա տեղափոխվեց ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը:

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու անմիջապես Սիրիայի Լաթակիա քաղաք` ռուսական ավիաբազա, այնուհետև, օգնության մի մասը` նախորդ խմբաքանակի որոշ մասի հետ միասին, կտեղափոխվի Սիրիայի երկրորդ քաղաք` Հալեպ: Տեղափոխվող իրերի պահանջարկը ձևավորվում է տեղի բնակիչների համապատասխան կարիքներից:

Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով դեռևս փետրվարի 14-ին, երբ Սիրիա տեղափոխվեց այս տարվա առաջին մարդասիրական օգնությունը, Սիրիա էին մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները: