VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական աղբյուրներից տեղեկացանք, որ եթե անգամ «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր գան համաձայնության, միեւնույն է՝ Ալիեւը չի ստորագրի փաստաթուղթը, քանի որ նախապայմանը Սահմանադրությունը փոխելն ու Անկախության հռչակագրից հրաժարվելն է: Չնայած Հայաստանի այս տապալված վիճակին՝ Ալիեւը վախ ունի, որ հայկական հաջորդ իշխանությունները կարող են չեղարկել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ներկայիս իշխանությունների որոշումը եւ միջազգային հարթակներում փորձել հասնել հաջողության` կրկին բարձրացնելով Արցախի հայկական, պատմական տարածք լինելու հարցը։
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է ստորագրել այդ ձեւական թղթի կտորը, որն իրականում խաղաղություն չի բերելու, սակայն գալիք ընտրություններից առաջ նա պողոսներին կերակրելու է սին հույսերով, որ ինքը հասել է վերջնական խաղաղության: Մեզ ասացին, որ Փաշինյանն առաջարկել է Ալիեւին ստորագրել թուղթը՝ ներառելով մի կետ, որտեղ կամրագրվի, որ այն ուժի մեջ է մտնելու հետո, երբ մեր Սահմանադրությունը փոխված կլինի, սակայն Ալիեւը սա էլ է մերժել` հիմնովին ստորացնելով խաղաղություն մուրացող ՀՀ վարչապետին։ Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը հասկանում է, որ այս պահին չի կարող հանրաքվե անել եւ Սահմանադրություն փոխել, ուստի ուզում է առաջիկա ընտրություններում հաղթել եւ դրանից հետո միայն կատարել Ալիեւի պահանջը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է, որտեղ մեծ գումարներ կան: Այս օրերին տարբեր անուններ են դաշտ նետվում, մի մասը՝ հավակնորդների կողմից։ Պաշտոն զբաղեցնելու «պլինտուսն» այնքան են իջեցրել, որ ցանկացած տառաճանաչ մարդ հավակնում է նախարար դառնալ: Բայց հավանական փոխարինողն այս պահին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն է՝ Փաշինյանի սանիկը, սակայն խոսում են, որ նախկին մարզպետ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էլ է դիտարկվում, որին հովանավորում է Աննա Հակոբյանը:
Ի դեպ, իշխող թիմում խոր ափսոսանք են ապրում Ռուստամ Բադասյանի համար, որին պրոֆեսիոնալ են համարում: Այդ դեպքում ինչո՞ւ հեռացրեց պաշտոնից։ Պատասխանեցին՝ պահանջել է ավելի ինտենսիվ հարկահավաքությամբ զբաղվել` երկրում փողի խնդիր կա, այսինքն՝ հարկային տեռոր անել։ Հավանաբար, Բադասյանն ամբողջությամբ չի արդարացրել ակնկալիքները։ Բայց ավելի հավանական է այն վարկածը, որ Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին», որից վտանգ է զգում: Ոմանք անգամ կանխատեսում են` հաջորդը Տիգրան Ավինյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, երբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը կիրակի՝ գիշերը, հասկացել է, որ պետք է հեռանա, պատրաստել է հրաժարականի իր տեքստը: Մինչեւ հրապարակելը՝ նա գիշերը հաղորդագրություններ է ուղարկել մի շարք դատավորների եւ ՍՄՍ-ով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։ Իսկ արդեն առավոտ կանուխ՝ դեռ աշխատանքային ժամը չսկսված, միանգամից հրապարակել է իր հրաժարականի տեքստն ու հրաժեշտ տվել բաղձալի պաշտոնին: Թեեւ նրան եւս, ըստ ամենայնի, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել եւ «գիշերային շնորհակալություն» է հայտնել համատեղ աշխատանքի համար»:
«Հրապարակը» գրում է․ Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը: Ինչպես հայտնի է` երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են: Զեյնալյանը հնազանդվել է` անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի։ Արձանագրենք, որ վարչապետը՝ ինքը, հաշվետու է խորհրդարանին, որն ընտրում է նրան: Հակառակը` երբ ինքն է պարտադրում, որ դիմումներ գրեն, Սահմանադրության ոտնահարում է:
«Հրապարակը» գրում է․ Քաղաքական «մատաղից» հետո Նիկոլ Փաշինյանը կանգնած է կադրային լուրջ խնդրի առջեւ՝ ումով փոխարինել հեռացվածներին։ Մեզ պատմեցին, որ նա, ի տարբերություն արդարադատության նախարարի թեկնածության, այս պաշտոնների համալրման հարցը չի քննարկում անգամ ՔՊ վարչության հետ: Այս անգամ միանձնյա է որոշումներ կայացնելու` ցույց տալով, որ նրանք ընդամենը ուսապարկեր են` «թող հանգիստ նստեն տեղները»: Նման պաշտոնազրկումից հետո նման կերպ էլ նշանակումներ է անելու` իր ուժն ու «թափը» թիմին ու երկրին ցույց տալու համար: Սակայն թիմը բուռն քննարկումների մեջ է՝ ովքեր են նշանակվելու այս կարեւոր պաշտոններում: Չէ՞ որ այդ նշանակումները նաեւ մուլտիպլիկացիոն էֆեկտ ունեն` մեծ թվով մարդիկ են նրանց հետ «թռնելու», շատ մարդիկ են տուժելու կամ շահելու:
Օրինակ, ՔՊ-ում քննարկում են, որ Վահե Ղազարյանի փոխարեն եթե նրա կին տեղակալը` Արփինե Սարգսյանը նշանակվի, նշանակում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ միասին, Նիկոլը հանձնում է սորոսականներին, որոնք վերջին տարիներին ամենօրյա պայքար են տարել Վահե Ղազարյանի հետ եւ բաղձալի նպատակին հասնելու կեսճանապարհին են: Արփինե Սարգսյանի՝ փոխնախարար նշանակվելուց հետո էլ, նրանք դարձել էին այս ոլորտում թելադրող, եւ Վահե Ղազարյանն էլ հիմնականում անգլիական թագուհու կարգավիճակում էր հայտնվել, բայց եթե սեփական նախարար ունենան, դա մեծ հեռանկարներ կբացի նրանց առաջ, չէ՞ որ այս իշխանությունը պահողը հենց ՆԳ համակարգն է։ Ավելին, այս հարցում մեծ շահագրգռություն ունեն նաեւ արեւմտյան երկրների դեսպանությունները, հատկապես` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որը շաբաթը մի քանի այց է կատարում նախարարություն, տարբեր հարցեր քննարկում, անթաքույց կառավարում ՆԳ համակարգը։ Արեւմուտքը փորձում է հայաստանյան ՀԿ-ների միջոցով ավելի ամբողջական «կոնտրոլի» տակ պահել ուժային բլոկը, որով ուղղակի ազդեցություն կունենան քաղաքական որոշումների վրա, եւ հետագայում` եթե իշխանություն փոխվի, երկիրն ամբողջությամբ «կվերցնի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն կառավարական ճյուղում, այլ նաեւ ՏԻՄ-ում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նոյեմբերի 12-ին կայացած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում մի նոր սկանդալ է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի եւ իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։ Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը եւ նրա ընկերը` Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգեւ Գեւորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին` Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաեւ Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. եւ նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը կրկին չհերքեց թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը, բայց նաեւ չհաստատեց։ Պատգամավորը կրկին հետաքրքրվում էր ՔՊ վարչությունից ստացված մեր տեղեկությունների աղբյուրից, սակայն չէր անհանգստանում սեփական հեղինակության համար։ Մեր ուղիղ հարցին. «Ձեր թեստի արդյունքները դրակա՞ն են եղել, թմրանյո՞ւթ եք օգտագործել», ՔՊ-ական պատգամավորը չհերքեց, հարցն անպատասխան թողեց՝ հետաքրքրվելով՝ «փակ նիստից ո՞նց կարող եք դուք բաներ իմանալ»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «56-ամյա կնոջ մահից հետո «Արթկոսմեդ»-ը կրկին վերսկսել է վիրահատությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը տեսչական գործողություններ չի իրականացրել նշված կլինիկայում, իսկ դեպքից անցել է մեկ ամիս։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Արթկոսմեդ»-ում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում։ Նախարարը նշեց, որ ԱՆ-ն (առողջապահության նախարարություն) բժշկական հաստատություններում կամ էսթետիկ վիրաբուժության կլինիկաների լիցենզավորման ոլորտում ավելի խիստ պահանջների է դիմում։ Եվ սա այն բանից հետո, երբ «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում։
Տեսչական մարմնի արված գործողությունների արդյունքը չերեւաց, քանի որ 1 ամիս անց այս կլինիկայի բժիշկ Արթուր Սարգսյանը կրկին անխոչընդոտ նույն վիրահատություններն է անում։ Տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քայլեր ձեռնարկվել են, դրանք ընթացքի մեջ են։ Մեկ այլ տեղեկությամբ՝ տեսչական մարմինը ստուգումներ չի անցկացնում, քանի որ «Արթկոսմեդ» կլինիկան 19-րդ պոլիկլինիկայից պետք է տեղափոխվի Կենտրոն վարչական շրջան։
Հիշեցնենք, որ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Սովորաբար, բժշկական կենտրոնը պետք է պատշաճ վերակենդանացման բաժանմունք ունենա, որ հավանական խնդիրների դեպքում անմիջապես կարողանա կայունացնել բուժառուի վիճակը. «Արթկոսմեդ»-ում բուժառուի վիճակի վատթարացումից հետո վերջինիս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Կլինիկայում գրանցված մահվան առաջին դեպքում քրեական վարույթը նախաձեռնվել էր 2023թ. հոկտեմբերի 20-ին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ եւ ավելի բնակարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ներկայացրած հայտարարագիրը, արձանագրեց, որ այն բաղկացած է քաղաքացիական օրենսգրքի գրեթե բոլոր տեսակի գործարքներից. ՔՊ-ական պատգամավորը նվերներ է ստացել հարսանիքի հյուրերից, քրոջից, մորից, ստացել է նաեւ ժառանգություն, վարկ եւ այլ եկամուտներ։ Սրանից ինչ եզրակացություն կանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սպասենք առաջիկայում, քանի որ իշխանականների գրեթե բոլոր հայտարարագրերի հիման վրա վարույթներ են հարուցվում, ապա կարճվում։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ չկա մի ՔՊ-ական հայտարարատու պատգամավոր, որի բարեկեցությունը շեշտակի աճ չի գրանցել, այն դեպքում, երբ կենսաթոշակառուների համար արդեն 2-րդ տարին է ինչ գումար չկա բյուջեում, մինչ այդ էլ ավելացել էր ընդամենը ծիծաղելի 3 հազար դրամով։ Ինչ վերաբերում է, տվյալ դեպքում, Եղոյանի եկամուտների աղբյուր հանդիսացող «հարսանիքի հյուրերին», ապա տեղեկացնենք մոլեռանդ հեղափոխականներին, որ նախկինների ժամանակ էլ էին «հյուրերը» նորապսակներին գումար, թանկարժեք նվերներ տալիս, ինչը մերժում էր Արման Եղոյանի հեղափոխական թիմը:
Այս ամենին ի պատասխան՝ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Դուք հարսանիք չե՞ք գնացել, դրանք մի քանի անձից տրված գումարներ են տարբեր քանակի՝ մեկից 50 դոլար, մեկից 100 դոլար։ Արդյունքում ձեւավորվել է 1 մլն 200 հազար դրամ»։ Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը Արման Եղոյանից փորձեց պարզել, թե ինչու է թանկարժեք նվերներ ընդունել եւ ինչ նվերներ են դրանք։ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է հարսանեկան նվերներից զատ այլ եկամուտների նպատակը, քանի որ աղբյուրները անհատներ էին։ Առաջին նվիրատվությունը Նոնա Եղոյանից է՝ 900 հազար դրամ։ «Նոնա Եղոյանը քույրս է, որի հետ միասին մարում ենք մեր ընդհանուր ընտանեկան վարկը, եւ այդ գումարը նվիրատվություն է արել վարկ մարելու համար», – ասաց Եղոյանը։ Հաջորդ նվիրատվությունը Եղոյանը ստացել է Նելլի Սիմոնյանից։ «Հայրս, մինչեւ մահանալը, նախորդող մեկ տարին կենսաթոշակը չէր ստացել եւ կուտակել էր։ Հայրս զինվորական էր եւ բարձր թոշակ էր ստանում՝ գրեթե 300 հազար դրամ։ Հորս մահից հետո այդ կուտակված գումարը ժառանգությամբ փոխանցվեց ինձ, մորս եւ քույրերիս, որպեսզի բանկային փոխանցումներում խուսափենք հետագա խնդիրներից, այսպես ենք գրել»,- եզրափակեց Եղոյանը։ Թեեւ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր հայտարարագրում կոռուպցիա չփնտրենք, ասելով՝ «կոռուպցիա իմ մոտ չկա», սակայն արձանագրենք, որ նախկինների նվիրատվությունները բազմիցս քննադատվել են, իսկ ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից»: