20.11.2024
Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP29 շրջանակներում. Տաթևիկ Հայրապետյան
prev Նախորդ նորություն

Պաշտոնազրկածներին Փաշինյանն առանց պաշտոն չի թողնի. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտոնազրկածներից ոմանց, ըստ տեղեկությունների, Փաշինյանն անգործ չի թողնի: Որոշ կադրային «ռակիրովկաներ» կանի, որ չմեծացնի իր թշնամիների բանակը, հատկապես որ նրանք Փաշինյանի եւ իր ընտանիքի մասին ինֆորմացիայի կրողներ են։ Լուրեր կան, որ Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՊՎԾ պետ, Ռոմանոս Պետրոսյանը կգնա ՊԵԿ ղեկավար կամ ՏԿԵ նախարար: ՏԿԵ նախարար, ՔՊ հնաբնակ Գնել Սանոսյանն էլ անպաշտոն չի մնա։ Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահի պաշտոնում կփոխարինի վճռաբեկի դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ ՊԵԿ նախագահի թեկնածուների թվում շոշափվում են նաեւ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եւ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի անունները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձեւով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները եւ հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Իր որոշման մասին տեղեկացրել է Վոթսապ կապով գրված հաղորդագրություններով, ինչն անակնկալի է բերել ազատվողներին։ Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»: Սակայն զանգել է մտերիմներին եւ հավաքել: Խմբով մինչեւ ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը, փորձելով հասկանալ` ինչ անել, պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչեւ լույսը բացվի։ Հավաքին մասնակցել է նաեւ Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը եւ այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ։ Լսել է նրանց կարծիքն ու առաջարկները՝ երբ սափրի մորուսը եւ նախկին խրոխտ հռետոր, իշխանություններին քննադատող ընդդիմադիր ներկայանա հանրությանը։ Առաջարկ է հնչել՝ նման հիշարժան իրադարձությունը թողնել իր 50-ամյակը լրանալու օրվան` 2025 թվականի հունիսի 1-ին, երբ գալիք ընտրությունների քարոզարշավն ավելի մոտ կլինի: Նա կարծես թե համաձայնել է, սակայն ընդամենը օրեր անց, ի զարմանս այդ քննարկման մասնակիցների, Փաշինյանը ներկայացել է «սպիտակամորուսով»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված գիշերային պաշտոնանկություններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին, երբ ՔՊ վարչության նիստին մասնակցում էր նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով պետք է պատասխան տար իր արած՝ գործարարի «դեղ ցրողներ» արտահայտության համար, որը վերաբերում էր Հրաչյա Հակոբյանին եւ Սիսակ Գաբրիելյանին, օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանին ուժային կառույցներից փաստարկված դժգոհություն է հայտնել՝ ասելով, որ ոչ մի ուժային կառույց իր տեղում չէ: Եվ զարմանալի զուգադիպությամբ նրա կողմից բերված փաստարկներից շատերը նոյեմբերի 15-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը օգտագործել է:


«Ովքեր նախկինում իրենց արտոնյալ էին զգում, շարունակում են… ինչ ուզեցիք՝ տվեցի, արդյունք չկա… ես արդեն խորհրդակցություն չեմ անելու, ես որոշումներ եմ կայացնելու»: Այս նիստից հետո ուժային կառույցների ղեկավարները շտապել են գործողություններ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է սահմանել մայրաքաղաքում, քննչական մարմինների ղեկավարներն իրենց ենթականերից բացատրություններ են պահանջել, թե Փաշինյանին հետաքրքրող գործերում ինչու առաջընթաց չկա, ինչ խոչընդոտներ կան, որպեսզի պատրաստվեն Փաշինյանին զեկուցել իրավիճակի մասին: Քանի որ որեւէ ակնարկ անգամ չեն ստացել, որ պետք է հեռանան կարճ ժամանակում, կարծել են, թե Փաշինյանը վերջնաժամկետ է տվել իրենց՝ սխալները շտկելու եւ բացթողումները լրացնելու համար:


Եվ ահա, կիրակի օրը անակնկալ կերպով, Ենոքավանից անցնելով Դիլիջանով, հետո մասնակցելով հարսանիքի, Փաշինյանը կտրուկ զայրացել է, եւ ուժայինների մի շարք ղեկավարներ կեսգիշերին մոտ զանգ են ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, ով փոխանցել է վարչապետի պահանջը. ներկայացնել հրաժարականի դիմում եւ հեռանալ՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:


«Վոթսափ»-ով կամ այլ կերպ ՍՄՍ հաղորդագրություն չեն ստացել, ոչ էլ ուղիղ Փաշինյանից են հրահանգ ստացել՝ թողնելու պաշտոնները, ինչպես վարչապետը երեկ հայտարարեց: Ողջ գործընթացը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի միջոցով: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից պարզեց, որ 2021 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը փոխել է իր հեռախոսահամարը եւ կառավարության անդամների հետ սկսել է շփվել բացառապես ուղիղ կապով՝ սենյակից. խիստ անհրաժեշտության դեպքում էլեկտրոնային նամակ է գրել, կամ հազվադեպ՝ ֆեյսբուքյան messenger-ով է կապվել: Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների բազմապրոֆիլ նախարար Գնել Սանոսյանը մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, բայց Փաշինյանը անձամբ չի պահանջել հրաժարականի դիմում գրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարար Սանոսյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի ուշ է զանգահարել եւ տեղեկացրել, որ Փաշինյանը պահանջում է ինքնակամ ազատման դիմում գրել ու լուռ հեռանալ: Եվ ահա, նախարարը վերցրել է թուղթը եւ ինքնակամ շարադրել, որ ցանկանում է հեռանալ աշխատանքից. թե ինչու` պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անորոշ վիճակում են հայտնվել Հայաստանի 10 մարզերի մարզպետները, որոնք այս ընթացքում հասցրել էին հարաբերություններ կառուցել Գնել Սանոսյանի հետ: Շատ մարզպետներ սպասում են, թե ով է լինելու նոր նախարարը եւ, ըստ այդմ, ովքեր պետք է ազատման դիմումներ գրեն՝ նաեւ մարզպետների պաշտոններից ազատվելու: Այնպես որ, պաշտոնանկությունները փոթորկել են նաեւ ՀՀ բոլոր մարզերը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բարձրաստիճանների պաշտոնանկություններին զուգահեռ, համառորեն լուրեր են շրջանառվում, թե մանդատները վայր կդնեն նաեւ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը։ Երկուսի նկատմամբ էլ ՔՊ վերահսկող հանձնաժողովում կարգապահական վարույթներ կան` հոկտեմբերի 15-ին ԱԺ հայտնի լսումների հետ կապված։ Աղազարյան-Քյարամյան լեզվակռվից հետո, հիշեցնենք, ելույթ ունեցավ նաեւ Զեյնալյանը՝ հորդորեց Քյարամյանին՝ վերանայել պահվածքը` իր աշխատասենյակում չէ, իր աշխատողների հետ չի շփվում, այլ՝ ԱԺ պատգամավորների։


Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում մանդատը վայր դնել, կուսակցությունից էլ նման հորդոր չի ստացել․ «Գուցե նկատի ունեն հարուցված կարգապահական վարույթները, որոնք պետք է կուսակցության վարչությունը քննի եւ որոշումներ կայացնի, բայց, ուրեմն, եկեք սպասենք որոշմանը»։ Մեզ պատմեցին, որ Նարեկ Զեյնալյանն է երեկ անկումային տրամադրություն ունեցել, ողջ օրը փակվել է աշխատասենյակում, հյուրընկալել կոլեգա պատգամավորներին եւ ասել, որ չի հավատում, թե իր ելույթը կդառնա մանդատից զրկվելու պատճառ։ Չի բացառվում, որ ՔՊ վարչությունն այսօր քննի կուսակցականների կարգապահական դիմումները եւ որոշում կայացնի։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնանկությունը կարող է ծնել նոր կոռուպցիա եւ «խնամի-ծանոթ-բարեկամի» մի նոր շղթա, քանի որ պաշտոնանկություններից հետո մշուշում արդեն իսկ նշմարվում են նոր թեկնածուների անունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանին կփոխարինի Նիկոլ Փաշինյանի քավոր (Տավուշի մարզպետ եւ ԱԺ պատգամավոր) Ղալումյանների հորաքրոջ որդին՝ ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը: Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ սնանկության դատարանի դատավոր: 2022 թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով, բայց չի կառավարել իր ժամկետում, 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2024 թ. փետրվարի 12-ին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:


Այսպիսով՝ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել իշխանականների սիրելի տոհմի ազգակից եւ ԲԴԽ նախագահի պաշտոնի հավակնորդ Արթուր Աթաբեկյանը։ Ըստ Աթաբեկյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ նա հայտարարագրել է 6 անշարժ գույք՝ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն, 3 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Ահատական բնակելի տունը եւ երկու հողամասը 2018 թվականին Աթաբեկյանը ժառանգություն է ստացել Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը եւ ավտոկայանատեղին ձեռք են բերվել 2017 թվականին եւ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։


ԲԴԽ անդամ Աթաբեկյանը հայտարարագրել է տրանսպորտային մեկ միջոց՝ 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի, որը գնել է 2022 թվականին։ Նա ունի եւս մեկ մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։ Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 355 հազար դրամ, որը ավելի է տարեսկզբում առկա հաշիվների մնացորդից գրեթե 2 միլիոն դրամով։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 6 մլն 700 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 979 հազար դրամ, որից 16 մլն 194 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտից։ Աթաբեկյանի տարեկան եկամուտներում առկա դրամական միջոցները ստացվել են նաեւ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա» հիմնադրամից՝ որպես Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։


Աթաբեկյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 043 հազար դրամ, որը մեկ ավտոկայանատեղու եւ երկու բնակարանների հիփոթեքի մայր գումարն է, որի համար էլ դատավորը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 521 հազար դրամ եկամուտ։ Եկամուտը ստացել է հիփոթեքային հարկերի վերադարձի օրենքի շնորիվ եւ մարել է հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Դատավորի եւ նրա ընտանիքի կողմից հանգստի համար կատարած ճանապարհածախսերը կազմել են 3 մլն 500 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղվել է 4 մլն 049 հազար դրամ։ ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանը ՀՀ դատավորների միության անդամ է։ Սպասենք Նիկոլ Փաշինյանի վերադարձին Վատիկանից, որից հետո կա՛մ ազատ հաստիքներում նոր անձինք կնշանակվեն, կա՛մ էլի կսկսվի երկարատեւ «քասթինգ շոուն»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի նոր սակագների փոփոխման դեմ նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն: Նշենք, որ արդեն երկու շաբաթ մեկնարկած ստորագրահավաքի պահանջն է անփոփոխ թողնել մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն այս նախաձեռնությունը մուտք է արել քաղաքապետարան, որտեղից էլ այն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Եթե նախարարությունը եզրակացություն տա, որ նախաձեռնությունը հակասություններ չունի օրենքի հետ, ապա, ըստ ընթացակարգի, այն կմտնի ավագանու նիստերի օրակարգ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ ավագանու՝ դեկտեմբերին սպասվող տարեվերջյան նիստին այն արդեն կմտնի օրակարգ: Ի դեպ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները դիտարկում են այդ օրը նիստին հրավիրել նաեւ Հայկ Մարությանին, սակայն ավագանու նիստերի օրերին Երևանի քաղաքապետարանում կողմնակի անձանց մուտքն արգելվում է»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» եւ սպանություն է եղել Երեւանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաեւ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը: Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով: «Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչեւ քննությամբ ամեն բան կպարզվի: Բայց էդ կապ չունի․ ես սատարում եմ վարչապետին, ինձ էլ համարում եմ քաղաքական թիմի անդամ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին բացատրելու իրենց շեֆի արածն ու անդրադառնալու հնչող մեկնաբանություններին: Ընթերցողներին չենք ծանրաբեռնի նրանց արտասանած «գլուխգործոցների» մեջբերմամբ, բայց հնչած արտահայտություններից մեկն իսկապես ուշադրություն գրավեց: Այդ «կարկառուններից» մեկն ասել է, թե ընդդիմությունը վախեր ունի արտահերթ ընտրությունների հետ կապված, քանի որ... «հասկանում են, որ հանրության շրջանում իրենց հավանության մակարդակը շրիշակից էլ ներքև է իջել»: Նախ՝ անկեղծորեն զարմացանք, որ ՔՊ-ում գիտեն «շրիշակ» բառը ու հենց այդպես ասացին, այլ ոչ թե «պլինտուս»:  


Համաձայնեք, որ դա արդեն ինքնին լուրջ առաջընթաց է որևէ քպականի համար: Հնարավոր է՝ ինչ-որ տեղից լսել են կամ մամուլ են կարդացել, ըստ որում՝ իրենց ու իրենց գործունեության մասին հրապարակումներ: Մի խոսքով՝ լսել են, սովորել են այդ բառը: Բայց դա դեռ մի կողմ: Ախր այդ ո՞ր «քաղաքական ուժի» ներկայացուցիչն է խոսում «շրիշակից ցածր» վարկանիշի մասին: Ու ոչ միայն վարկանիշի: Սա՛ է ամբողջ խնդիրը: ՔՊ-ն, որ երկիրն ու ժողովրդին պարտության մատնելուց հետո, Հայաստանն ու Արցախը ծանրագույն կորուստների, հայրենազրկման ողբերգության մեջ նետելուց հետո խեղդվողի հուսահատությամբ կառչել է իշխանությունից, ինչ-որ ծպտուն է հանում որևէ ուժի վարկանիշի ցածր լինելու մասի՞ն: 


Չէ, լուրջ, քպականները խոսում են «շրիշակից ցածր»-ի մասին: Մի խմբակ, որ գոյություն ունի բացառապես այն հանգամանքի բերմամբ, որ կա Նիկոլ Փաշինյանը, և նա դեռևս զբաղեցնում է վարչապետի աթոռը: Թե բա՝ վարկանիշ: Ուզեք, թե չուզեք՝ ՔՊ-ի վարկանիշը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել: Հա, դա միայն վարկանիշի մասին չէ, նաև այլ բաների, այդ թվում՝ մակարդակի...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող ծխախոտի տուփի վրա պետք է փակցված լինի համապատասխան մակնշում, գրաֆիկական նկար, ինչն ամբողջովին չի իրականացվում ու արտադրողների մի մասը շարունակում իրացնել արտադրությունն առանց նման մակնշումների: ՌԴ-ում բնակվող մեր ընթերցողներից մեկը օրերս մեզ է ուղարկել ՀՀ-ում հայտնի արտադրողի արտադրանք, որը նախատեսված է ռուսական շուկայի համար, որում տեսանելի է, որ կատարված է ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված պահանջը եւ հայկական ծխախոտի տուփի վրա առկա է գրաֆիկական նկար: Սակայն այդ նույն արտադրողը հայաստանյան շուկայում վաճառում է իր ապրանքն առանց նման նկարների: Նախորդ հրապարակումների ժամանակ ՊԵԿ մեր աղբյուրները հայտնել էին, որ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից՝ ներկայացնելով, թե ամբողջ տարի դեռ վաճառում է մինչ օրենսդրական կարգավորումներն արտադրած ու պահեստավորած ծխախոտ, իսկ ահա արտահանման պարագայում ուղարկում են արդեն «նոր» արտադրանք: Չգովազդելու համար առողջությանը վնասող արտադրանք՝ մենք չենք հրապարակում ծխախոտի տուփի լուսանկարը: Հույս ունենք, որ ՊԵԿ նոր ղեկավարությունն ավելի ուշադիր կլինի ոլորտին ու իրական կարգուկանոն կբերի»:


 


 

Պաշտոնանկությունների երեք մեսիջները
Հաջորդ նորություն next