21.11.2024
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge (C/Can) ցանցին
prev Նախորդ նորություն

Կստեղծվի Հանցավոր եկամուտների օրինականացման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին քննարկել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի տեղեկացմամբ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանումը, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատման ապահովումը, ֆինանսական հետախուզական մարմինների (ՖՀՄ) միջեւ տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավումը:


Համաձայնագիրը նախատեսում է Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի ստեղծում: Կենտրոնի հիմնական խնդիրներն են ՓԼ/ԱՖ ռիսկերի անդրազգային գնահատումը, ՓԼ/ԱՖ ռիսկերի վերհանման եւ գնահատման համար անհրաժեշտ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ՖՀՄ-ների միջեւ էլեկտրոնային համագործակցության միասնական չափանիշների մշակումը եւ ներդրումը, միջազգային համագործակցության ընթացքում տեղեկությունների փոխանակման անվտանգության ապահովումը:


Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:


Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


Հանձնաժողովը քննարկել է նաեւ Աժ բյուջետային գրասենյակի 2024թ. երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Բյուջետային գրասենյակի փորձագետ Կարինե Բադալյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԺ մշտական հանձնաժողովներից ստացվել է 8 հարցում, որոնց հիման վրա աջակցության տրամադրման նպատակով պատրաստվել եւ ԱԺ նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորներին է տրամադրվել 285 տեղեկանք: Զեկուցողը նշել է, որ իննը ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ պատրաստվել է 564 տեղեկանք:


Նշվել է, որ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետները մասնակցել են տարբեր դասընթացների, «Բյուջետային ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկություններ, մասնակցել ՀՀ օրենքի նախագծերի նախապատրաստական աշխատանքներին:


Հաշվետվությունն ընդունվել է ի գիտություն: