22.11.2024
Լուսանկարը` AlphaNews
prev Նախորդ նորություն

Լավրովը խոսել է հայ-ադրբեջանական կարգավորման մեջ Արևմուտքի քայքայիչ գործունեության մասին

Հոկտեմբերի 31-ին Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է արևմտյան երկրների քայքայիչ գործունեության մասին Եվրասիայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում։


Բարձր մակարդակի լիագումար նիստում ելույթ ունենալով՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը քննադատել է արևմտյան երկրների գործողությունները եվրասիական տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ Աֆղանստանում քսանամյա օկուպացիայից և այնտեղից հեռանալուց հետո ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները այժմ փորձում են պատրվակներ գտնել Կենտրոնական Ասիայում ռազմական ներկայությունը վերսկսելու համար։


Հարավային Կովկասում, նշել է նախարարը, Արևմուտքն ակտիվորեն փորձում է պարտադրել իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։


Լավրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ագրեսիվ գործողությունները մեծացրել են եվրասիական մայրցամաքի մասնատման ռիսկերը։ Նա նշել է եվրասիական անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման անհրաժեշտության մասին, որը պետք է դառնա բացասական միտումների այլընտրանք և ապահովի տարածաշրջանի կայունությունը։


«Չի կարող լինել վերադարձ նախկին մոդելներին, որտեղ ԱՄՆ-ն խաղում էր առաջատար դեր»,- հայտարարել է նախարարը՝ ավելացնելով, որ նոր համակարգը պետք է հիմնված լինի հավասարության և շահերի ազնիվ հավասարակշռության, այլ ոչ թե «ուժեղի իրավունքի» վրա։


Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ եվրասիական անվտանգության ճարտարապետության ռուսական տեսլականը համապատասխանում է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անվտանգության ոլորտում գլոբալ նախաձեռնությանը, որն ուղղված է աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների արմատական պատճառների վերացմանը։