Հայաստանը ԱԶԲ-ից 89.5 միլիոն եվրո վարկ կներգրավի
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի ստորագրմանը՝ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի» երկրորդ փուլի շրջանակներում։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 31-ի կառավարության նիստում։
Միջոցների ներգրավումը պայմանավորված է 2024 թվականի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման անհրաժեշտությամբ, որը կկազմի 482.9 միլիարդ դրամ։ Ծրագիրը միտված է հարկաբյուջետային քաղաքականության և պետական պարտքի կառավարման կատարելագործմանը, դրամական շուկայի ենթակառուցվածքների ամրապնդմանը և ֆինանսական գործիքների բազայի ընդլայնմանը։
Կանխատեսումների համաձայն, Հայաստանի արտաքին պարտքը այս տարվա վերջին կհասնի ՀՆԱ-ի շուրջ 48 տոկոսին, իսկ հաջորդ տարի կաճի մինչև 53 տոկոս։ Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար կառավարությունը նախատեսում է ընդհանուր առմամբ շուրջ 450 միլիոն դոլարի բյուջետային վարկերի ներգրավում։