23.11.2024
Վրաստանը պայքարում է ՌԴ դեմ երկրորդ ճակատ չբացելու համար
prev Նախորդ նորություն

Ալիևը հարցրել է Փաշինյանին՝ իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․ Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել. «Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։ Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։ Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իլհամ Ալիեւի զայրույթը թերեւս մեղմելու քայլ է արվել. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը 20.08.2024 թ. հոդված էր հրապարակել այն մասին, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։ Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունը իր կուսակցության մայր փաստաթղթից: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իշխող կուսակցության գլխավոր փաստաթղթում խմբագրում է կատարվել եւ հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ Հետաքրքիր է՝ կանոնադրության սույն փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հարկերից խուսափելու հիշյալ դեպքը հիրավի հավակնում է ընդգրկվել դասագրքերում իր բացառիկ գործող անձով եւ գումարի չափով։ Ոչ հեռավոր 2014 թվականին, թալանչիների ժամանակ, այսօրվա ԱԺ այժմյան նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է իր բնակարանի հասցեում գրացված Սիցիլիա ՍՊԸ-ի 1 միլիոն 422 հազար դրամ հարկային պարտավորությունը չկատարել։ Հարկը գանձելու դժվարին ճանապարհին ՊԵԿ-ը անգամ ՍՊԸ-ի եւ նրա գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարում, քանզի ոչ մի կերպ ծանուցագրերով չի հայտնաբերում տիրոջը` Ալեն Սիմոնյանին։ Ի վերջո այժմ արդեն հպարտ Ալեն Սիմոնյանը հասնում է Սիցիլիա ՍՊԸ-ն սնանկ ճանաչելուն։   Հիշեցնենք, որ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների վճարման նպատակով 24.10.2011 թվականին Մյասնիկյանի հարկային տեսչության կողմից 1.196.900 ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ալեն Սիմոնյանի ընկերութան:


ՀՀ վարչական դատարանի` 06.03.2012 թվականի թիվ ՎԴ/6127/05/11 վճռով հայցն ամբողջությամբ բավարարվել է, ինչի հիման վրա տրվել է կատարողական թերթ: Դատարանի՝ 08-06-2015 վճռով «Սիցիլիա» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։ «Սիցիլիա» ՍՊԸ-ի պարտավորությունների հանրագումարը պետական բյուջեի նկատմամբ 08.05.2014թ.-ի դրությամբ կազմում էր 1.422.884 ՀՀ դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովության վճարի գխով` 238.085 ՀՀ դրամ, որից ապառք` 116.973, տույժ` 121.112 ՀՀ դրմ, հաստատագրված վճարի գծով` 908.665 ՀՀդրամ, այդ թվում ապառք` 567.310 ՀՀ դրամ, տույժ` 341.355 ՀՀ դրամ, եկամտահարկի գծով` 145.959 ՀՀ դրամ, որից ապառք` 93.952 ՀՀ դրամ, տույժ` 52.007 ՀՀ դրամ, շահութահարկի գծով` 130.176 ՀՀ դրամ, որից ապառք` 84.120 ՀՀ դրամ, տույժ` 46.056 ՀՀ դրամ, որն ըստ էության այդպես էլ չի վերադարձվել պետական բյուջե: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բարոյականության, օրինականության եւ Ալեն Սիմոնյանի մասին»:


«Հրապարակը» գրում է․ Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ «Գտել ենք, որ նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվենք՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:


Մինչդեռ բառացիորեն 3 օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում է․ «Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների եւ աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձեւաչափի մասով… Այժմ կառավարությունում քննարկում ենք, թե արդյոք 2025-ի բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը, թե՞ 2026-ին գործարկենք»։ Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետպատվերի շահառու են, հետո դրա ժամկետն էլ ձգձգվեց: Փաստորեն, մի նախարարը մյուսից տեղյակ չէ:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները Գյումրիում պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել, ինչպես եւ օրեր առաջ կանխատեսել էր «Ժողովուրդ» օրաթերթը: Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր են դրել նաեւ «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գյումրու իշխող ուժը այս որոշումն ընդունել է նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ նրա որդու՝ Խաչատուր Բալասանյանի քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրու Սեւ բերդի հարակից հողատարածքների օտարման գործով:  


Հիշեցնենք՝ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ համատեղ ղեկավարելով Գյումրին: Նախորդ տարեվերջին, սակայն, ՔՊ-ն լուծարեց կոալիցիան՝ հայտարարելով, թե իրենք Գյումրիում ընդդիմություն են լինելու: Փաստացի, այս ողջ ընթացքում իշխող ուժը տարբեր ճնշումների միջոցով փորձեց Գյումրիում խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից, ու երբ Փաշինյանը հեծանիվով գնաց Գյումրի՝ իշխանափոխությունը ավարտվեց, քաղաքապետը հրաժարական տվեց: Ասել է թե՝ ՔՊ-ն հասավ իր բաղձալի նպատակին, ճնշումների արդյունքում «Բալասանյան» դաշինքը տեղի տվեց: Այսպիսով, եթե հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գյումրու ավագանին նիստ չգումարի, ապա կլուծարվի եւ ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, եթե համայնքի ղեկավար ընտրելու համար նիստ գումարվի եւ համայնքապետ չընտրվի, ավագանին այս դեպքում էլ է լուծարվելու:


Օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի թեկնածուն Գյումրու քաղաքապետի պաշտոնում ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, որը նախկինում Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել։ Վերջինս Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նախագահն է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե ավագանին արտահերթ նիստով իր անդամներից համայնքապետ չընտրի, ապա կուսակցությունը նոր թեկնածու է առաջադրելու, իսկ ՔՊ-ն այդ պաշտոնի համար դիտարկում է Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին, այսինքն՝ հենց Սարուխանյանին»:


«Հրապարակը» գրում է․ Անցած շաբաթ Սիսիանում իշխանափոխության համար ՔՊ-ին, պարզվում է, օգնել է իրեն ընդդիմադիր հռչակած «Քաղաքացու որոշում» խմբակցությունը: Քանի որ նախկին քաղաքապետ Արմեն Հակոբջանյանի պարտադրված հրաժարականից հետո ՔՊ Սիսիանի ավագանին 13 անդամով չէր կարող նոր քաղաքապետ ընտրել, քանզի 14 ձայն էր հարկավոր: 34-ամյա նախկին առաքիչ Հովսեփ Առաքելյանին Սիսիանի համայնքապետ է դարձրել ՔՈ խմբակցության ավագանի Հայկ Հակոբյանի մեկ ձայնը: Բայց այդ ձայնը հենց այնպես չի նվիրվել նորընծա համայնքապետին, խոսվում է, որ դրա դիմաց պաշտոն են խոստացել Հայկ Հակոբյանին։


Ի դեպ, խոսվում է, որ նախկին քաղաքապետին հեռացնելու պատճառներից մեկն էլ այն էր, որ թույլ էր, չէր տիրապետում իրավիճակին, բացի այն, որ իր հովանավոր Կարեն Համբարձումյանի կամքին դեմ էր գնացել, ՔՊ առաջնորդները վստահ են եղել, որ նա չի ձգի առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ` ՔՊ-ի համար ձայներ չի կարողանա հավաքել: Իշխող թիմում չեն բացառում, որ առաջիկայում Սիսիանի եւ Գյումրու ճակատագրին այլ համայնքներ էլ կարժանանան, այսինքն` իշխանությունը խլելու գործընթացը շարունակվելու է, քանի որ տեղերում իշխանություն չունենալու պարագայում դժվար կլինի 2026-ին վերարտադրվելը։ Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի նախկին մարզպետ, մի անգամ այդ պաշտոնից հեռացված, Գյումրու ՔՊ կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանին նշանակում են Գյումրու համայնքապետի ԺՊ, իսկ ընտրություններն անցկացվելու են եկող տարի։


«Փաստ» օրաթերթը գրում է. ԵԿՄ ղեկավար կարգված Սասուն Միքայելյանը հայտարարում է. «Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Դեռ մի կողմ դնենք հարցի բարոյական ու էթիկական կողմը. նման բան է ասում մեկը, որն աջուձախ ներկայանում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի հիմնադրած ԵԿՄ ներկայիս ղեկավարն ուղղակիորեն տրորտակ է տալիս ամենը, հանուն ինչի նա պայքարում էր: ԵԿՄ նախագահի անձը մեզ անհետաքրքիր է: Դա էլ դնենք մի կողմ: Պարզապես հիշեցնենք ու արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի երդվյալ ու բացառապես նրա անձին նվիրյալ այս անձը փաշինյանական իշխանության կազմում յուրօրինակ «խոսափողի» դերում է:


Ուրեմն, շատ հնարավոր է, որ նա ասում է այն, ինչը Փաշինյանը կուզենար հնչեցնել, բայց՝ ոչ անձամբ: Չմոռանանք՝ ժամանակին նույն Սասուն Միքայելյանն ասում էր, թե իրենց արած իշխանափոխությունն ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան ազատամարտն է եղել: Ու, բնականաբար, առանց աչք թարթելու, հանձնեցին Արցախը: Իսկ նախօրեին էլ փաշինյանական իշխանության սույն «կարկառուն» ներկայացուցիչը հայտարարեց թշնամու դեմ կռվելու անկարողության մասին: Ու այստեղ ծանր հարցեր են ծագում: Առաջինը. հապա այդ ի՞նչ բանի է օրվա իշխանությունը այս վերջին 4 տարվա ընթացքում, եթե այդ կարողությունը չունենք: Ո՞վ է այն վիճակին հասցրել, որ կռվելու կարողություն չունենք: Դա արել է այն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի շահերն այդպես անձնվիրաբար պաշտպանում է «թավիշի» մեծ շահառու ԵԿՄ նախագահը: 


Երկրորդը. ո՞ր մի «Նիկոլն» է ստում, զինվելու, երգող-պարող հրթիռներ ու հրանոթներ, օծանելիքաբույր զրահամեքենաներ ու, իբր, չգիտես թե էլ ի՛նչ առասպելական զենք ու ռազմատեխնիկա ձեռքբերելու, բանակն արդիականացնելու, չգիտես, թե էլ ինչեր անելու մասին անդադար հայտարարող «նիկոլնե՞րը», թե՞ ԵԿՄ նախագահ «Նիկոլը»: Երրորդը. նման հայտարարություն անելով՝ ԵԿՄ նախագահը նույն երկրապահներին, իրապես երկիր ու սահման պահող տղերքին ի՞նչ է ուզում հասկացնել: Կամ՝ ինքը չի հասկանո՞ւմ, որ անհարմար վիճակի մեջ է նրանց դնում:


Չորրորդը ու ամենակարևորը. ԵԿՄ փաշինյանական նախագահը, Փաշինյանի «խոսափողը» ի՞նչ ակնարկ է անում մեր ոխերիմ թշնամուն, հարձակման հրավե՞ր է անում՝ հայտարարելով՝ մենք քո դեմ չենք կարող կռվել, դրա համար.. սահմանազատմանը կողմ ենք: Փաստորեն, Փաշինյանը այդպես է «բանակցում» Ալիևի հետ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում: Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված` խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են` ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ:


Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին` ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել եւ քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ` «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, եւ իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները:


«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թ. հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա առաջին հորիզոնականի պարագայում որևէ անակնկալ չկա. այստեղ «մշտական» ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ինն ամսվա կտրվածքով պետբյուջե է վճարել մոտ 83,7 մլրդ դրամի հարկ: Այս ցուցանիշն, ի դեպ, մոտ 31,3 մլրդ դրամով կամ շուրջ 37 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը: 


Ավելին, ԶՊՄԿ-ն ինն ամսում արդեն արդեն գերազանցել է ամբողջ 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,8 մլրդ դրամ)։ Հավելենք, որ ԶՊՄԿ-ն երեք եռամսյակի կտրվածքով մոտ 34 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել, քան երկրորդ հորիզոնականում գտնվող ընկերությունը: Իսկ երկրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթրն» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջադիմել է 2 հորիզոնականով: Այս կազմակերպությունը 2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով ևս երկրորդն էր: Փոխարենը 2023 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 2 հորիզոնականով, իսկ այս տարվա հունվար-հունիսի համեմատ 1 հորիզոնականով «հետ է ընկել» «Գազպրոմ Արմենիան», որն այս տարվա ինն ամիսների ցուցանիշներով 4-րդն է: 3-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է, իսկ հինգերորդ տեղում՝ «Փրիթի-Ուեյը» («Վեստա»): 


Ուշագրավ է, որ լավագույն հնգյակում երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով: Քանի որ անդրադարձանք «Գազպրոմ Արմենիային», նաև նշենք այլ «կոմունալ» ծառայություններին: Ի մասնավորի, Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 4 հորիզոնականով և վճարած հարկերով 18-րդ տեղում է: «Վեոլիա ջուրը» թե՛ նախորդ տարվա ինն ամիսներին, թե՛ այս տարվա առաջին կիսամյակում, թե հիմա գրեթե նույն դիրքերում է (+-1)՝ 33-35-րդ հորիզոնականներ: Հավելենք, որ լավագույն հիսնյակում են հայաստանյան բանկերի մեծ մասը: Սակայն բանկերին, արտադրողներին և այլ ոլորտների կանդրադառնանք առանձին:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ծնված և 15 տարի վարկային ոլորտում աշխատող Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։ 2021 թվականին Տավուշի փոխմարզպետի պաշտոնում նշանակվեց Նարեկ Ղուշչյանը, ով մինչ այդ երկար տարիներ աշխատել էր Իջևանի համայնքապետարանում, այնուհետև՝ մինչ հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ում: Համաձայն փոխմարզպետի 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ 2023 թվականի տարեսկզբին Ղուշչյանն ունեցել է 4 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը 2016 թվականին նվիրատվություն է ստացել։ Փոխմարզպետը հաշվետու տարում ձեռք է բերել ևս մեկ գույք՝ հողամաս։ Հետաքրքիրն այն է, որ գործարքի 2-րդ կողմ որպես փոխմարզպետը հենց ինքն իրեն է նշել։ Մարզպետի տեղակալ Ղուշչյանը հայտարարագրել է 2012 թվականին ձեռք բերված Audi մակնիշի մեքենա։ Նարեկ Ղուշչյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 270 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ։


Փոխմարզպետ Ղուշչյանի տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 741 հազար դրամ, որից 2 մլն դրամը ՀՀ Տավուշի մարզի պետական կառավարչական հիմնարկից է, իսկ 9 մլն 735 հազար դրամը՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից. 2 դեպքում էլ այն աշխատանքի վարձատրություն է եղել։ Փոխմարզպետի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 700 հազար դրամ։ Համաձայն Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրի՝ 2023 թվականին նա եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։ Հավելենք, որ մամուլում Նարեկ Ղուշչյանի վերաբերյալ շատ քիչ անդրադարձ կա։


Ղուշչյանը թերևս ամենաքիչ աչքի ընկնող փոխմարզպետներից է, նա հազվադեպ է հանդիպումներ ունենում և հիմնականում գտնվում է մարզպետ Ղալումյանի ստվերում: Հիշեցնենք՝ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը նոր էր շրջանառվում՝ կապված երիտասարդին վրաերթի ենթարկելու դեպքի հետ: Հոկտեմբերի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննությունը նրանց հոր ավտոմեքենաների յուղման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթի հետ է կապված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը նեկայացնում է, թե ինչ է իրավապահներին պատմել ՔՊ-ական պատգամավորի եղբայր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը:


«Հայտնում եմ, որ սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 00:17-ին, իմ ֆեյսբուքյան էջին Messenger հավելվածով ինձ անհայտ եւ անծանոթ՝ «Ռոբերտ Կասյան» ֆեյսբուքյան էջի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հերդ վնաս ա տվել իմ ընտանիքին, էլի եք տրաքելու», որից հետո իմ եւ իմ ընտանիքի հասցեին տվյալ օգտատերը հնչեցրել է հայհոյանքներ, որոնք ես ջնջել եմ նամակագրությունից: Արձագանքելով՝ հարցրել եմ՝ ինչ վնասի մասին է խոսքը, սակայն նա կրկին շարունակում էր նույն բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել, նույնիսկ նշել է. «Էն պայթյունը հիշո՞ւմ ես, խելոք մնացե՛ք, գոնե»:


Այս ամենից հետո ես այդ հաղորդագրությունը ուղարկողին հարցրի, թե նա ինչ կապ ունի այդ պայթյունի հետ, իսկ վերջինս պատասխանեց կրկին նույն ոճով՝ նշելով. «Դրա հետ դուք կապ ունեք, ես քեզ ասում եմ՝ հանգի՛ստ մնացեք»:


Հայտնում եմ, որ ես միանգամից ենթադրեցի, որ 2022 թվականի օգոստոսի 31-ին Ն. Զարյան 42/2 հասցեում գտնվող եւ հորս՝ Զարեհ Սարգսյանին պատկանող յուղման կետի պայթյունի դեպքի մասին է խոսքը, քանի որ որեւէ ուրիշ պայթյուն տեղի չի ունեցել, հետեւաբար ենթադրում եմ, որ այդ հաղորդագրություններն ուղարկող անձը ինչ-որ առնչություն կարող է ունենալ վերոնշյալ պայթյունի դեպքին, սակայն թե ով կարող է լինել, ես ոչինչ չեմ կարող հայտնել, նույնիսկ այդ օգտատիրոջ տվյալներն ինձ ծանոթ չեն, առաջին անգամ եմ տեսել, նման անուն-ազգանունով անձի չեմ ճանաչում: Հայտնում եմ, որ ես կամ իմ ընտանիքը որեւէ մեկի հետ թշնամական հարաբերութունների մեջ չենք, հետեւաբար չեմ կարող ասել, թե ով կարող էր նման արարք կատարել, որեւէ մեկին ես չեմ կասկածում:


Նշեմ, որ այս պայթյունի վերաբերյալ նամակագրությունից հետո շարունակում էր հաղորդագրություններ ուղարկել, նաեւ հարցրեց՝ Երեւանո՞ւմ եմ, թե՞ ոչ, որ երկրից դուրս գալու դեպքում՝ իրեն գրեմ: Ինքը կասի, կգան ինձ հետ հանդիպելու եւ ամեն ինչ կբացատրեն, եւ որ դա ինձ է պետք, իրեն պետք չէ: Ինչ-որ մարդիկ կհանդիպեն եւ կպատմեն ամեն բանի մասին: Հայտնում եմ, որ այս ամենից հետո որեւէ կասկածելի անձ ինձ չի գրել, չի անհանգստացրել»»: