Կառավարությունը ներդնում է նոր հարկային արտոնություններ ՏՏ ընկերությունների համար
Կառավարությունը հարկային աջակցության նոր մեխանիզմներ է ներդնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունները հավանության արժանացան կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում և այն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։
Փոփոխությունները 7 տարվա համար են։ Կառավարությունն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար նվազեցնել շրջանառության հարկը՝ 5 տոկոսից դարձնելով 2 տոկոս։
Մյուս ուղղությունն այն է, որ մինչև 30 հոգանոց սկսնակ ընկերությունները նոր աշխատակից ներգրավելիս կարող են եկամտահարկի 100 տոկոսի չափով փոխհատուցում ստանալ։ Այս կարգավորումը 30-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունների դեպքում ևս կգործի․ նոր աշխատակից ներգրավելիս կփոխհատուցվի եկամտահարկի 50 տոկոսի չափով։
Փոփոխություններով եկամտահարկի 50 տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրվելու նաև այն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք աշխատանքային միգրանտներ կներգրավեն իրենց ընկերություններում։
Բացի այս, կառավարությունը պատրաստվում է նվազեցնել ՏՏ ընկերությունների այն աշխատակիցների եկամտահարկը, որոնք կներգրավեն գիտահետազոտական աշխատանքներում։ Նրանց համար եկամտահարկը կլինի 10 տոկոս՝ 20-ի փոխարեն։