Չինաստանի եւ Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա
Լաոսի մայրաքաղաք Վիենտյան կատարած այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ջիանգ Չենգուայի հետ:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Ջիանգ Չենգուան նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարեւոր համագործակցային կետեր ունի եւ հույս հայտնել, որ Չինաստանի կողմից ներդրումներ կլինեն այդ ծրագրում՝ որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մաս: Վերջինս նաեւ աջակցություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության եւ վստահության ամրապնդման գործընթացին:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չինաստանի եւ Հայաստանի խորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նշել, որ իր գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ պատվիրակության պաշտոնական այցը Չինաստան, ինչպես նաեւ հրավիրել է չինացի գործընկերներին Հայաստան:
Ջիանգ Չենգուան նշել է, որ ԱԺ պատվիրակության՝ Չինաստան կատարած այցից հետո իրականացվել է Երեւան-Ուրումչի ուղիղ օդային չվերթների գործարկումը:
Կարեւորվել են քաղաքական հարաբերությունների զարգացումը, տնտեսական տարբեր ուղղություններով առաջխաղացումը:
Չինական կողմն առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել Չինաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվող ներմուծման ցուցահանդեսներին: