VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Ռուսաստանը հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը, իսկ Վրաստանը հերթական բոյկոտի մասին է հայտնել: Նրանք հանդիպումներից և ոչ մեկին չեն մասնակցել՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։
Քաղաքական շրջանակներում վերլուծելով տարբեր երկրներից հնչող հայտարարությունները՝ կանխատեսումներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հետ առանձին պայմանավորվածության շրջանակներում համաձայնելու է, այսպես կոչված, Միջին միջանցքին, որը ՌԴ–ի համար, մեղմ ասած, ընդունելի չէ, քանի որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոսվում է ճանապարհների ապաշրջափակման, բայց ոչ թե միայն Թուրքիան Ադրբեջանին կապող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։ Սրանով է պայմանավորված, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում` Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։ Իսկ արդեն երեկ Մարիա Զախարովան խմբագրեց, թե` «Զանգեզուրի միջանցք» տերմինը Մոսկվան չի կիրառում։
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում կադրային սով է, արդարադատության նախարարի թեկնածուի փնտրտուքները դեռ շարունակվում են, երեքշաբթի օրը չկայացած վարչության նիստը չնայած նախատեսել էին հաջորդ օրն անցկացնել, սակայն այն մինչ օրս չի կայացել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հույս ունեն, որ այս ընթացքում նոր հարմար թեկնածու կգտնեն եւ վարչության որոշ անդամների գործուղման մեջ գտնվելու պատրվակով նիստը հետաձգում են: Ավելին՝ Գրիգոր Մինասյանին հեռացնելուց հետո վարչության առաջին նիստում ընդունած որոշումը, որ նախարարն անպայման պետք է կին լինի, հաջորդ նիստին չեղարկել են՝ հասկանալով, որ շատ բարդ է լինելու նախարարի պաշտոնին համապատասխան ունակություններով կին գտնելը, որը կլինի նաև թիմից։ Այս պահի դրությամբ ներկայացված չորս թեկնածուների հարցում եւս Նիկոլ Փաշինյանը նախընտրություն չունի եւ հույսով է, որ հարցը ձգելով իր սրտի թեկնածուին գտնի, եթե ոչ` կընտրեն առաջադրվածներից մեկին։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ թեկնածուները չորսն են՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որի վերաբերյալ ՔՊ ֆրակցիայում ընդգծված բացասական վերաբերմունք ունեն, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել։ Ի տարբերություն իշխանության հրավիրած լսումներին, որոնց ի դեպ, ներկա էին երկրի ուժային կառույցների բոլոր ղեկավարները, երեկ ԱԺ-ում մուտքից սկսած անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին կանգնեցվել, որոնք մանրազննին ստուգում էին լսումների մասնակիցներին, ավելին` մուտքից թույլ չէին տալիս, որ նրանք միայնակ մուտք գործեն ԱԺ շենք՝ մասնակցելու լսումներին եւ հյուրերին սպասեցնել էին տալիս այնքան, մինչեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները գալիս-ուղեկցում էին դահլիճ: Լսումների մեկնարկին դահլիճի մատույցներում իրավիճակն անձամբ հսկում էր ԱԺ շենքի անվտանգության պատասխանատու Աշոտ Մկրտումյանը, ով անդադար հրահանգներ էր տալիս ենթականերին, սակայն երբ Բագրատ սրբազանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ ելույթը սկսեց տերունական աղոթքով, գամվեց նիստերի դահլիճին կից հեռուստաէկրանի առջեւ եւ մինչեւ վերջ անշարժ լսեց աղոթքը՝ թերեւս մեղքերին թողություն հայցելով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության «թշնամի» հռչակված «Տաշիր» ընկերության նախկին տնօրենը առողջապահության նախարարության փոխնախարար է նշանակվել, ինչը ՔՊ-ական «սկզբունքները» հարցականի տակ է դնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունը սկսել է ակտիվ քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ռուսահպատակ մեծահարուստ Սամվել Կարապետյանից` «Տաշիր Գրուպից» խլելու հարցը։ Սրա ապացույցը եղան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխնախարար Հակոբ Վարդանյանի պաշտոնանկությունները. վերջինս համակարգում էր էներգետիկ ոլորտը։
Սակայն այս իրողությանը զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշում կայացրեց Լեւոն Հակոբյանին նշանակել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Հակոբյանը 2016-2019 թվականներին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում, վերջին շրջանում` որպես տնօրեն: «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն եւս պատկանում է ռուսաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։ Արդյոք Լեւոն Հակոբյանի կենսագրությունը դիտարկելիս Անահիտ Ավանեսյանը հաշվի առե՞լ է այս հանգամանքը: Հարկ է նշել եւ հիշեցնել, որ առողջապահության ոլորտը համակարգող նախարարը մասնագիտությամբ բժիշկ չէ, փոխնախարարը եւս բժիշկ չէ, եւ շատ մասնագետներ աղաղակում են, որ ոլորտը տապալվում է: Այս նախարարությունում պետականության գիտակցում ունեցողների ակնհայտ դեֆիցիտ կա. փոխնախարար Լենա Նանուշյանն իր որդուն ազատել է հայկական բանակում պարտադիր զինծառայությունից, Ավանեսյանը որեւէ պատիժ չկրեց Աբովյանի դիահերձարանի հատակին լցված մեր հերոսների մարմինների հետ նման վերաբերմունքի համար: Կարճ ասած` ամենաթողություն է այս համակարգում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը։ Իշխանական պատգամավորը պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքի համաձայն 3-6 տարի է, երկարեցվի՝ ընդհուպ 15 տարի։ ArmLur.am-ի հետ զրույցում Հայկ Սարգսյանն ասում է՝ թմրանյութերի շրջանառության համար նախատեսված 3-6 տարի պատիժն անհամաչափ է. «Պետք է լինի սպանության կամ սպանության փորձի պատժի չափով, օրինակ՝ մինչեւ 15 տարի:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ լսումների ժամանակ հայտարարեց, որ դատարանից դատավորը գրավի դիմաց բաց է թողնում տվյալ արարքը կատարողին, քանի որ դա ծանր հանցագործություն չի համարվում, պետք է համարվի ծանր հանցագործություն, որպեսզի դատավորը, ով ստորագրությամբ բաց է թողնում, իմանա, որ չենք թողնելու»,- ասաց նա։ Իսկ ե՞րբ նախագիծը կդրվի շրջանառության մեջ. Սարգսյանն ասաց, որ նախագիծը դեռ մշակման փուլում է. «Խմբակցությունում պետք է քննարկենք, հետո` կառավարության մեր գործընկերների հետ եւ նոր դնենք շրջանառության մեջ։ Ճիշտ է, երկար կտեւի, բայց կարեւոր է սրա մասին խոսելը, որպեսզի թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող մարդիկ իմանան՝ խիստ պատժվելու են»,- ասաց Սարգսյանը: Թերեւս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեծ դիմադրություն չցուցաբերի այս նախագծի մասով՝ հաշվի առնելով անցյալում թմրանյութերին նրա առնչությունը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր ոլորտներ նվաճելու բազմապրոֆիլ գործունեությամբ օժտված հատուկենտ անձինք կան։ Դիցուք՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Վահե Աղազարյանը, համաշխարհային գիտության օրրան Ֆիզիկայի ինստիտուտին մատակարարում է 845 հազար դրամի Ա 4 ֆորմատի թուղթ: Այո՛, «Ժողովուրդ» օրաթերթը այս տվյալները վերցրել է բաց աղբյուրներից: Նույն Վահե Աղազարյանը միաժամանակ ՀՀ ԿԱ պետգույքի կոմիտեի ավտոմոբիլներն է աստղաբաշխական գնով վերանորոգում: Օրինակ՝ 2013 թվականին «Տոյոտայի» յուղն է փոխում 1.2 միլիոն դրամով (տե՛ս փաստաթուղթը)։ Հեղափոխությամբ ծնված նորօրյա բիզնեսմենները գուցե ավելի արագ մոտեցնեն ծնողների քաղաքական վախճանը, քան ընդդիմության միտինգների առաջնորդները։ Արգիշտի Քյարամյանին, թերեւս, չէր խանգարի հաճախ մամուլ ընթերցել, իրականության հետ առերեսվել եւ Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն դարձած որդիներին մոտիկից ծանոթացնել տարբեր օրենսգրքերին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի մայիսի 7-ին ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում եւ ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձե՛ք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության եւ հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որեւէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա եւ ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության եւ սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք»։
Թե քանի հոգի Նիկոլ Փաշինյանի կոչին անսաց, վերադարձավ Հայաստան եւ զորակոչվեց, չի հրապարակվել որեւէ թիվ։ Սակայն այս հայտարարությունից 5 տարի անց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ելույթին լրիվ հակառակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ առաջարկելով, որ բանակից խուսափած՝ 27 տարին չլրացած անձը 15 մլն դրամ վճարի եւ ազատվի բանակից ու քրեական պատասխանատվությունից։ Ըստ պատգամավորի հայտնած վիճակագրության, 2022 թվականի դրությամբ ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար եւ այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Համեմատելով պատգամավորի հնչեցրած թիվը եւ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին հնչեցրած թիվը, կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի կոչին հետեւողներ չեն եղել, իսկ հակառակ պատկերը՝ բանակից խուսափելու դեպքերը, ավելացել են։
Ընդ որում, ուշագրավ է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում եւ կուսակցությունում կան բանակից խուսափելու բազմաթիվ դեպքեր․ բերենք մի քանի օրինակ։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կրտսեր որդին բանակում չի ծառայել՝ նախ երկու անգամ ստանալով տարկետում ուսման համար, որից հետո երկու անգամ առողջապահական տարկետում, մինչեւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանի։ Մինչ իր որդուն բանակից ազատելը, Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր․ «Ուզում եմ՝ բանակում չծառայելն իրապես անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր»։
Օրաթերթը բացահայտեց, որ բանակում չեն ծառայել նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր բանակ 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն այդպես էլ ծառայության չգնաց։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ինքը բանակում ծառայելուց խուսափել է ժամանակին, որի պատճառի մասին տարբեր վարկածներ են հրապարակվել՝ սկսած նրանից, որ տան 3-րդ որդին է եղել, այդ պատճառով ազատվել է, մինչեւ անգամ հոգեկան վիճակի խնդրով տեղեկանքի հիման վրա։ Այնուամնայնիվ, անկախ պատճառից, օրինական հիմքով, թե ո՛չ, Նիկոլ Փաշինյանը իր ժամանակին խուսափել է ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից»։
«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ ընդդիմադիրները քննադատում են իշխանականների անվայելուչ պահվածքը, իրենց թիմակիցները պատեհ պահերին ավելի վատ վարքագիծ են դրսեւորում։ ՊՊԾ աշխատակիցների՝ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին խորհրդարանի շենքից քաշքշելով դուրս բերելուց հետո Հակոբյանի որդին՝ Սեյրան Օհանյանի օգնական Սամվել Հակոբյանը ԱԺ միջանցքով քայլելիս բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ընդ որում՝ ոչ թե միջադեպի պահին, այլ երբ ամեն ինչ արդեն հանդարտվել էր և տարածքում մնացել էին միայն լրագրողները: Սամվել Հակոբյանը, որը նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներից է, մի խումբ փորձագետների, օգնականների ուղեկցությամբ խորհրդարանի միջանցքում քայլելիս կին լրագրողների կողքով անցնելու պահին անհասցե հայհոյել է, իսկ ավելի ուշ` նույն վայրում հանդիպելով ՊՊԾ տղաների օպերացիայի կուրատորին շատ կառուցողական շփվել նրա հետ՝ ընդամենը դժգոհելով, թե` «Ընգեր ձեր արածը ինչի նման էր»: Հասկանալի չէր, թե նախորդիվ հնչեցրած հայհոյանքներն ում էին ուղղված:
«Հրապարակ» թերթը գրում է. Վերջերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա հատկապես աչքի է ընկել նրանով, որ իր կառավարման տարիներին խիստ նվազել է ուսանողների և աշխատակիցների թվաքանակը։ Մեր տեղեկություններով, նաև Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է քննում այդ ժամանակաշրջանի հետ կապված և անցած տարի հենց ԿԳՄՍ նախարարն է Ուռուտյանին արգելել կրկին առաջադրվել ռեկտորի պաշտոնում։ Ստացվում է, որ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկելով՝ նախարարը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին։