22.11.2024
Լուսանկարը` edu.am
prev Նախորդ նորություն

Արցախից բռնի տեղահանված 3431 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն

Լուսանկարը` zona.media
Լուսանկարը` zona.media

Արցախից բռնի տեղահանված 3431 անձ, հոկտեմբերի 10-ի դրությամբ, ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին Լոռիում ընթացող քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը։


«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, հոկտեմբերի 10-ի տվյալներով, դիմել է 5409 անձ։ ՀՀ նախագահի հրամանագրով՝ 3431 անձի (Արցախից բռնի տեղահանված, – խմբ.) շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,– նշեց Գևորգյանը։


Նշենք, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 4918 անձ, նրանցից 3226 անձ ստացել էր ՀՀ քաղաքացիություն։


Այսինքն՝ վերջին երկու շաբաթում դիմումների թիվն ավելացել է 491-ով, ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը՝ 203-ով։


VERELQ-ը հիշեցնում է, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Արցախի դեմ: Սեպտեմբերի 20-ին հանրապետության իշխանությունները ընդունեցին Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության կրակի դադարեցման առաջարկը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահը հրամանագիր ստորագրեց, որով բոլոր պետական հաստատությունները լուծարվեցին, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ:


Արցախի բնակիչները զանգվածաբար հարկադրաբար լքեցին հանրապետության տարածքը և տեղափոխվեցին Հայաստան: Ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ներգաղթել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված քաղաքացի: