Նախարարը «Կոնրադ Ադենաուեր»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության խորացումը
Լուսանկարը` edu.am
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության այլ անդամներ:
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է խաղաղության կրթության ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ:
Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ժողովրդավարության շեշտադրումը, որի շրջանակում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ հետևողական աշխատանք է իրականացվում, մասնավորապես, հասարակագիտական կրթության բարելավման ուղղությամբ:
Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցությանը՝ նշվել է, որ 2023 թվականից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կառույցների հետ համատեղ՝ ԵՄ համաֆինանսավորմամբ, իրականացնում է «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր: