ԱԺ-ն դեմ չէ նոր վարկերին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը եւ ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները:
Ուստի, առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի հիմնական պայմաններ են են. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31:
Հանձնաժողովը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարի դիտարկմամբ համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 22-ին եւ 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը:
Օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն:Դրանք կներառվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: